Ընդամենը 5 օր: Ուղիղ այդքան տևեց այն միջոցառումը, որին ամեն տարի անհամբեր սպասում է աշխարհի գիտական համայնքը: «Սթարմուսը» Հայաստանում հավաքեց գիտական էլիտան: Կազմակերպվեցին դասախոսություններ, որոնք շատերի առաջ բացեցին տիեզերքի դռները, համերգներ, որոնք բացառիկ էին և այլևս չեն կրկնվի:
Աշխարհահռչակ «Սթարմուս» փառատոնը Հայաստան էր եկել կարևոր առաքելությամբ՝ մարդկանց ևս մեկ քայլ մոտեցնել գիտությանը:
5 օրում «Սթարմուսը» կարողացավ 20-ից ավելի դասախոսություններ կազմակերպել ամենատարբեր թեմաներով՝ Մարս մոլորակի հետազոտությունից մինչև ապակու կտրման մեթոդներ, տեխնոլոգիաներից մինչև կլիմայական աղետներ, արբանյակներ և անգամ տիեզերական տուրիզմ:
«Սթարմուսի» նպատակն է հետազոտողների նոր սերնդին ոգեշնչելն ու կրթելը՝ սեպտեմբերի 5-ին՝ փառատոնի բացման արարողությանը, իր խոսքում նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Սա լիարժեք համընկնում է մեր տեսլականի հետ, որովհետև շարունակաբար մեծացնում ենք գիտության, կրթության ֆինանսավորումը։ 2022 թվականին պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը ավելացել է շուրջ 83 տոկոսով։ Լայնածավալ բարեփոխումներ են ձեռնարկվում կրթության ոլորտում։
«Սթարմուս» փառատոնի առանձնահատուկ միջոցառումներից է Սթիվեն Հոքինգի անվան շքանշանի կամ լայն շրջանակներին գիտական «Օսկար» անունով հայտնի մրցանակի հանձնման արարողությունը: Մեդալակիրները երեքն են՝ Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս, փիլիսոփայության դոկտոր Բրայան Մեյը, բանաստեղծ, էսսեիստ, բնագետ Դայըն Աքերմանը և պրիմատոլոգ և մարդաբան Դեյմ Ջեյն Մորրիս Գուդալը:
Գարիկ Իսրայելյան («Սթարմուս» փառատոնի համահիմնադիր) - Կարծում եմ, որ սա Հայաստանի պատմության առանցքային պահն է՝ «Սթարմուսի» նման փառատոնը այս փոքրիկ երկրում անցկացնելը և ոգեշնչելը այս երկրի գիտնականների և արվեստագետների նոր սերնդին: Եվ դա փաստ է, որ հայերը նաև լավ ոգեշնչում են: Քչերը գիտեն, որ Սթիվեն Հոքինգին ոգեշնչողը հայ է եղել:
Երկրորդ օրը մեկնարկեց փառատոնի ակտիվ փուլը՝ դասախոսությունները, որոնց ներկա գտնվելու համար որոշ մասնակիցները անգամ օվկիանոս էին կտրել-անցել:
Գարիկ Իսրայելյան - Շատ մասնակիցներ ունենք աշխարհի բոլոր ծայրերից՝ Կանադայից, Բելգիայից, Ավստրալիայից, մարդիկ եկել են մասնակցելու «Սթարմուս» փառատոնին:
4 օր Կարեն Դեմիրճյանի անվան համալիրը կրթական կենտրոն էր: Այնտեղ ու մի շարք բուհերում անցկացվող հանդիպումների բանախոսների թվում էին Ipod-ի հեղինակ և Iphone-ի համահեղինակ Թոնի Ֆադելը, տիեզերագնացներ Ջորջ Նիլդը, Ջիմ Բաղյանը, Չառլի Դյուկը, Նոբելյան մրցանակակիրներ, աստղաֆիզիկոսներ, մոլորակագետներ:
Էվին վան Դիշոք (Միջազգային աստղագիտական միության նախկին նախագահ) - Ես ահռելի ներուժ տեսա Հայաստանում, հատկապես աստղագիտության ասպարեզում: Բյուրականի աստղադիտարանը երկար տարիներ ահռելի դեր է խաղացել համաշխարհային աստղագիտության մեջ: Ես նաև այլ բան տեսա: «Սթարմուսի» ընթացքում տեսա բազմաթիվ խանդավառ երիտասարդների, և կարծում եմ՝ հենց նրանք են Հայաստանի իրական ապագան:
Փառատոնը գերազանցել է սպասումները՝ ասում է Իսրայելյանը: Աստղաֆիզիկոսին անգամ դիմում են, փառատոնը ևս մեկ անգամ Հայաստան բերելու խնդրանքով: Կրկին Հայաստանում անցկացնելը գրեթե անիրական է՝ շարունակում է փառատոնի համահիմնադիրը, բայց «Սթարմուսի» մի մասնիկ հնարավոր է թողնել այստեղ:
Գարիկ Իսրայելյան - «Սթարմուսի» այդ համ ու հոտը պահպանենք Հայաստանում: Ես շատ ուրախ կլինեմ, եթե նման ինչ-որ պրոյեկտներ առաջարկվեն, կարելի է քննարկել կառավարության հետ, բուհերի հետ:
Աշխարհում շատ գիտական փառատոներ կան, բայց դա չի խանգարում «Սթարմուսին» պահել իր բացառիկությունը: Գարիկ Իսրայելյանը բացատրում է՝ ինչու:
Գարիկ Իսրայելյան - Նման փառատոներում, որպես օրենք, երաժշտություն չի լինում, որպես օրենք Նոբելյան մրցանակակիրներ չեն մասնակցում, որպես օրենք դասախոսների բանը անհամեմատ ցածր է ու շատ քիչ են լինում, մի քանի դասախոսություններ: «Սթարմուսը» միակն է, որ միանգամից արվեստը, երաժշտությունը ներգրավեց, և շատ դժվար է մրցակցել «Սթարմուսի» հետ:
Փառատոնի յուրահատուկ միջոցառումներից էին համերգները, Աստղային գիշերը, որն անցկացվել է Գառնու տաճարում և գիտական ճամբարը:
Գարիկ Իսրայելյան - Արտակարգ էր, բոլորը գոհ էին, ինչ ասեմ, արտակարգ ամեն ինչ անցավ:
«Սթարմուսը» լավ հնարավորություն ու առիթ դարձավ, որ հայազգի տիեզերագնաց, ֆիզիկոս Ջիմ Բաղյանը առաջին անգամ հայրենիք գա: Մեկ բառով է նկարագրում Հայաստանը՝ հրաշալի է:
Ջիմ Բաղյան (տիեզերագնաց, ֆիզիկոս) - Կարծում եմ՝ «Սթարմուսը» մեծ հնարավորություն էր մարդկանց համար ոչ միայն մասնակցելու դասախոսություններին, այլև լինել այստեղ՝ Հայաստանում, հանդիպել մարդկանց: Ու դա հրաշալի հնարավորություն էր նաև տեղացիների համար:
«Սթարմուսի» անցկացումը Հայաստանում ավագ դպրոցականների ու ուսանողների շրջանում կմեծացնի հետաքրքրությունը դեպի աստղագիտություն ու տիեզերք. տիեզերագնացի համոզմունքն է:
Ջիմ Բաղյան - Կարծում եմ, եթե երիտասարդները հետաքրքրված են այս ոլորտով, գլխավոր նախադրյալը բազային գիտելիքներ ձեռք բերելն է: Անհրաժեշտ է որոշակի գաղափար ունենալ մաթեմատիկայից, ֆիզիկայից: Դրանք են այսպես ասած հիմքի աղյուսները, որոնք հնարավորություն կտան ուսումնասիրել տիեզերքը:
«Սթարմուս» փառատոնը Հայաստանում կատարեց իր առաքելությունը՝ վստահեցնում է փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, հայտարարում՝ հայաստանյան փառատոնը լավագույնն էր «Սթարմուսների» պատմության մեջ: