Սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրն ամբողջ աշխարհում նշվում է որպես Առաջին օգնության համաշխարհային օր: Դրա նպատակն է բարձրացնել կյանք փրկելու համար առաջին օգնության գիտելիքների ու հմտությունների կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև ջատագովել, որպեսզի դրանք հասանելի լինեն յուրաքանչյուրին:
Այս տարի Առաջին օգնության համաշխարհային օրը «Առաջին օգնության ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» խորագրով նշվելու է սեպտեմբերի 10-ին՝ խթանելու առաջին օգնության գիտելիքների հասանելիությունը բոլոր տարիքային խմբերի համար։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ լինելով կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, գործունեություն է ծավալում ուղղված Հայաստանում առաջին օգնության գիտելիքների տարածմանը, ինչպես նաև անվտանգ վարքագծի ձևավորմանը, ինչն իր հերթին նպաստում է հասարակության ընդհանուր դիմակայունության բարձրացմանը:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս միանալով համաշխարհային արշավին՝ ՀԿԽԸ-ն սեպտեմբեր ամսվա ընթացքում Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում կազմակերպելու է իրազեկման միջոցառումներ և ցուցադրական դասընթացներ:
Արշավի շրջանակներում հիմնական միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-20:00-ը, «Մոսկվա» կինոթատրոնին հարակից Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:
Միջոցառման ընթացքում Հայկական Կարմիր խաչի ընկերության առաջին օգնության մասնագետների կողմից կցուցադրվեն առաջին օգնության քայլերը՝ տարբեր իրավիճակների ժամանակ, կբաժանվեն տեղեկատվական նյութեր, իսկ երեխաները հնարավորություն կունենան նկարազարդելու թեմատիկ պաստառներ: Կամավորները կբաժանեն նաև COVID-19-ի դեմ պատվաստման մասին թերթիկներ և կիրազեկեն վարակից պաշտպանվելու կանոնների մասին:
Տարեցներն ու երեխաները վնասվածքների ու հիվանդությունների նկատմամբ ամենախոցելի տարիքային խումբն են: ԱՀԿ տվյալների համաձայն, ամեն տարի վնասվածքների պատճառով մահանում է մոտ 950 000 երեխա: Այդ մահերի 90 տոկոսի պատճառն ավտովթարների, ընկնելու, խեղդվելու և այրվածքների պատճառով առաջացած վնասվածքներն են: Այս վնասվածքների հետևանքով մահերը հնարավոր է կանխել ճիշտ և ժամանակին ցուցաբերված առաջին օգնության շնորհիվ:
Ամեն տարի Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերություններն ավելի քան 23 միլիոն մարդու համար կազմակերպում են Առաջին օգնության դասընթացներ:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ՀՀ-ում կազմակերպում է դասընթացների մոտ 80 տոկոսը՝ ամեն տարի ուսուցանելով ավելի քան 3500 մարդու: