Շիրակի մարզում սկսել են վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը։ Շիրակցի ֆերմեր Արզուման Գաբոյանը բերքից դժգոհ չէ, գնից է դժգոհ. այս տարի կարտոֆիլը մթերվում է 80-100 դրամով։ Չնայած որ կառավարությունը դիզվառելիքի և թունաքիմիկատների գինը սուբսիդավորել է, միևնույն է, եկամտի հույս չունեն:
Արզուման Գաբոյան (ֆերմեր) - Եթե զրոյի վրա կանգնինք, շատ լավ արդյունք կեղնի: Էս տարի երաշտ էր, աշխատող ենք պահում, 30-40 հոգու բարձր վարձատրություն կուտանք, կռուգլի տարին կաշխատին։
Կարտոֆիլը Գյումրու շուկայում 120-180 դրամ է։ Շուկայական հարաբերություններում գին թելադրողը հենց շուկան է՝ ասում է մարզի գյուղվարչության պետը։ Անցած տարվա բարձր գնով պայմանավորված՝ այս տարի գարնանը գյուղացիական տնտեսությունները մեծացրին կարտոֆիլի ցանքատարածությունները։ Գարնանը համայնքապետերին զգուշացվել է այս հնարավոր հեռանկարի մասին և խորհուրդ է տրվել ցորեն ցանել՝ ասում է Ռոման Համայակյանը։ Հիմա էլ խորհուրդ է տալիս պահեստավորել։
Ռոման Համայակյան (Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ) - Խոշոր տնտեսությունները կարողանում են պահեստավորել, վաճառել, փոքրը խնդրներ է ունենում:
Կարտոֆիլն հասել է, հողում թողենք՝ կփչանա, պահեստավորենք՝ ամբարներում կփչանա՝ ասում է ֆերմերը:
Արզուման Գաբոյան - Հմի չենք կրնա պահենք, պահեստը խալադելնիկ պտի լինի, որ աշխատի, հմի ընդեղ տաք է, մի շաբաթ հետո կթափենք կարտոշկեն, հոկտեմբերի մեջ պաղերը որոշակի, բայց որ խալադելնիկ լինի, կարտոշկեն պահենք, ինչխօր, եկամուտ էլ կստանանք։
Մարզի գյուղվարչության պետն առաջարկում է սառնարան ձեռք բերելու համար օգտվել ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության պետական ծրագրից: Բացի դրանից՝ նման դեպքերից խուսափելու համար ձևավորել խոշոր ֆերմեր-տնտեսություն։
Ռոման Համայակյան - Փոքր տնտեսությունները, այլ իրավաբանական կոոպերատիվի շրջանակներում, հողերի կոնսոլիդացիյի՝ միավորման շնորհիվ բերքատվության ցուցանիշների աճ և արտոնություններ կունենան։
Սառնարանը կոոպերատիվը կարող է ձեռք բերել 0 տոկոսով: Բացի դրանից՝ ձևավորելով խոշոր արտադրական տնտեսություն, նշանակում է ունենալ արտադրական մեծ ռեսուրս և խոշոր ներդրումներ անելու հեռանկարներ՝ ասում է Համայակյանը և հիշեցնում՝ հողերի կոնսոլիդացման ծրագիրը Հայաստանում արդեն մեկնարկել է։