Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Սահմանադրական դատարան է դիմել՝ վիճարկելու հանրային ծառայության առանձին տեսակների համար սահմանված՝ արհեստակցական միություններին և կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքի սահմանադրականությունը։ Ինքը՝ պաշտպանը, իր դիմումը երկու մասի է բաժանում՝ արհեստակացական միություններին միանալու և կրոնական կազմակերպություններին անդամակցելու բացարձակ արգելք:
Գրիգորյանը շեշտեց՝ բարձր դատարանում վիճարկելու է «բացարձակ արգելք» ձևակերպումը:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ ՄԻՊ) - Թե՛ միջազգային փաստաթղթերի, թե՛ նույն Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների դաշնագրի, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, թե՛ մեր սահմանադրական նորմերի մեկնաբանութուններն ու հիմնավորումները պնդում են, որ բացարձակ արգելքն անհամաչափ սահմանափակում է ու արդյունավետորեն ոչնչացնում է մարդկանց՝ արհեստակցական միավորումների անդամ դառնալու իրավունքը:
Հայաստանում ոստիկանության, ազգային անվտանգության մարմիններում ծառայողների, զինծառայողներին, դատախազների, դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորներին գործող օրենքներով արգելվում է արհեստակցական միություններին անդամակցելը, ազգային անվտանգության մարմիններում ծառայողների համար նաև՝ կրոնական կազմակերպություններին անդամակցելու բացարձակ արգելք կա։ Արհեստակացական միավորումների նպատակը, շեշտում է Քրիստիննե Գրիգորյանը, աշխատանքային, կոլեկտիվ իրավունքների պաշտպանությունն ու սոցիալական աջակցությունն է:
Պաշտպանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ եթե անգամ Սահամանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի, միևնույն է, օրենսդիրն ազատ է ըստ ծառայության տեսակների սահմանափակումներ մտցնել, բայց ոչ բացարձակ արգելք: Գրիգորյանը նաև նկատեց, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ լինելը նույնպես կրոնական հայացքի արտահայտում է:
Քրիստիննե Գրիգորյան - Ունենալ հավատալիք ու կրոնական հայացքներ՝ սա բացարձակ իրավունք է, այլ բան է, որ օրենսդիրը կարող է սահմանափակել այդ հայացքների արտահայտման հնարավորությունները: Ու այս տրամաբանությամբ է, որ դեռևս 2020 թվականի փետրվարի ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա «Ոստիկանությունում ծառայության մասին» այն արգելքը, որ ոստիկանության ծառայողները չեն կարող լինել կրոնական կազմակերպության անդամ, ճանաչվել է հակասահմանադրական:
ՄԻՊ-ը գիտի, որ շատերը մտահոգություն ունեն, թե ուժային կառույցներում կարող են ավելանալ ու քարոզվել տարբեր կրոնական կազմակերպությունների գաղափարախոսությունները, ինչը կարող է վտանգել ազգային անվտանգությունը: Քրիստիննե Գրիգորյանը այդպիսի եզրահանգումներն ու դատողությունները սխալ է համարում, պնդում՝ յուրանքաչյուր ծառայության դեպքում պետք է տեսնել հնարավոր ռիսկերը, և այս նպատակով է, որ խորհրդարանը լիազորված է օրենքով որոշ ծառայությունների համար սահմանափակումներ մտցնել:
Քրիստիննե Գրիգորյան - Միջազգային իրավաբանությունը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանն էլ զարգացրած իրավունք ունեն այս ուղղությամբ. ասում է, որ օրենսդիրները յուրաքանչյուր ծառայության համար անհրաժեշտ չափով պետք է նախատեսեն սահմանափակումները:
Քրիստիննե Գրիգորյանը Սահմանադրության ևս մեկ հոդված է մեջբերում՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք:
Հեղինակ՝ Անի Օհանյան