Կարլ III-ը պաշտոնապես հռչակվել է Մեծ Բրիտանիայի թագավոր: 73-ամյա միապետը նախօրեին հանդես է եկել ժողովրդին ուղղված առաջին հեռուստաուղերձով, նշել՝ սեպտեմբերի 8-ին 96 տարեկանում մահացած Եղիասաբեթ 2-րդը միշտ ոգեշնչման աղբյուր է եղել իր համար։
«Մեր ողջ ընտանիքը պարտական է մորս նրա տված սիրո և ջերմության համար: Եղիսաբեթ 2-րդը մեծ զոհողությունների է գնացել ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև Համագործակցության երկրների համար»,- նշել է Կարլ III-ը:
Միապետը խոստացել է հավատարմությամբ ծառայել բրիտանացիներին և մինչև կյանքի վերջ պահպանել երկրի սահմանադրական սկզբունքները:
Արքան նաև հայտարարել է ավագ որդուն՝ թագաժառանգ Ուիլյամին, Ուելսի արքայազնի տիտղոսը փոխանցելու մասին, հավելել՝ Քեյթ Միդլթոնն էլ Ուելսի արքայադստեր կոչում է ստացել: Թագավորն ընդգծել է նաև, որ մեծ սեր է տածում արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի հանդեպ, որոնք տեղափոխվել են ԱՄՆ:
Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ընդունել է թուրքական «Բայքար» ընկերության ղեկավար Հալուք Բայրաքթարին և քննարկել Ուկրաինայում «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրություն սկսելու հարցը։
«Զրուցակիցները քննարկել են Կիևի և «Բայքար» ընկերության միջև գործակցության հեռանկարները՝ ամրապնդելու ուկրաինական բանակի պաշտպանունակությունը»,- ասված է Ուկրաինայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։
Զելենսկին Հալուք Բայրաքթարին է հանձնել 1-ին աստիճանի «Պատվո շքանշան»։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռեջեփ Էրդողանին Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո ուկրաինացի ժողովրդին աջակցելու համար:
Խարկովի շրջանի ավելի քան 30 բնակավայր անցել է ուկրաինական կողմի վերահսկողության տակ՝ տեղեկացրել է Վոլոդիմիր Զելենսկին։
«Բանակը, հետախուզությունը և Անվտանգության ծառայությունը շարունակում են ակտիվ գործողությունները մի քանի ուղղությամբ»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Երկրի Գլխավոր շտաբից էլ տեղեկացրել են, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել ավելի քան հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա։ Նախօրեին ՌԴ ՊՆ-ն հաղորդել է, որ մեծաթիվ կորուստների պատճառով Ուկրաինայի զինված ուժերը երկրի որոշ ուղղություններով այլևս հարձակողական գործողություններ չեն իրականացնում:
Եվրամիության խորհուրդը նախօրեին վերջնականապես հաստատել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի կասեցման որոշումը։ Մերձբալթյան երկրներն ու Լեհաստանը պայմանավորվել են սեպտեմբերի 19-ից արգելել ռուսաստանցի զբոսաշրջիկների մուտքն իրենց տարածքներ։ Պաշտոնական Մոսկվան, սակայն, չի շտապում պատասխան պատժամիջոցներ սահմանել:
Շենգենյան վիզաների տրամադրման պարզեցված ընթացակարգը ռուսաստանցիների համար չի գործի սեպտեմբերի 12-ից։ Վիզա ստանալ դեռևս հնարավոր կլինի, սակայն ավելի դժվար, երկար և թանկ. կարճաժամկետ շենգենյան վիզաների արժեքը 35 եվրոյից կդառնա 80 եվրո։
Եվրահանձնաժողովը մտադիր է առավել հարմար պայմաններ ստեղծել Եվրոպա մեկնող ռուսաստանցի ուսանողների, լրագրողների, քաղաքական, հումանիտար և ընտանեկան դրդապատճառներով Ռուսաստանից հեռացողների համար:
ԵՄ երկրները, այնուհանդերձ, հնարավորություն կունենան իրենց ցանկությամբ վիզաներ տրամադրել ռուսաստանցիներին եվրոպական մեկ երկիր այցելելու համար՝ առանց Շենգենյան գոտու մյուս երկրներ մուտք գործելու իրավունքի։
Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո երկրում սահմանված արտակարգ դրությունը՝ հայտնում են Սպիտակ տնից։ Մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ահաբեկչության սպառնալիքը երկրում դեռ պահպանվում է: Արտակարգ դրության ընթացքում նախագահը լրացուցիչ իրավական լիազորություններ է ստանում, որոնք նա կարող է կիրառել ցանկացած պահի։
ԱՄՆ-ում արտակարգ դրություն է հայտարարվել Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների և Պենտագոնի վրա հարձակումներից երեք օր անց։ Ահաբեկչության հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է շուրջ 3 հազար մարդ։