Քարակերտի քարաձուլման գործարանը, որն ավելի հայտնի է «Ապակիների գործարան» անունով, մոտ 35 տարի է՝ չի աշխատում: Իրանցիներն այն գնել են, վերազինել ու դարձրել պողպատի արտադրության գործարան: Միայն արդիականացման համար 5 մլն դոլար են ներդրել: 2 միլիոնն արդեն ծախսել են:
Մանսուր Մուհարամի (գործարանի հիմնադիր տնօրեն) - 1-ին փուլում արտադրելու ենք պողպատե ձուլակտորներ, իսկ 2-րդում՝ մետաղական պրոֆիլներ, մետաղալարեր ու ամրաններ: Ձուլակտորների հումքի մի մասը՝ 60 հազար տոննա, կստանանք տեղում, մնացածը կներմուծենք Իրանից:
Ընկերության հիմնադիրները նմանատիպ մի գործարան էլ Իրանում ունեն. աշխատում է տարեկան 320 հազար տոննա հզորությամբ: Պողպատագործները չեն բացառում, որ Իրանի գործարանից ձուլակտորների ավելցուկը կներմուծեն Հայաստան և կվերածեն մետաղական շինանյութի: Տարեկան 200 հազար տոննա ամրան կարտադրեն:
Արտադրությունն իրականացնելու են գերժամանակակից տեխնալոգիաներով: Ստանալու են բարձր որակի մետաղալարեր, ամրաններ ու պրոֆիլներ՝ հայկական շուկայի համար: Վրաստան ևս կարտահանեն, բայց տեղական շուկայի պահանջարկը բավարարելուց հետո: Մետաղական շինանյութերի արտադրամասում, որը դեռ կառուցման փուլում է, կտեղադրեն ամենահզոր ագրեգատը:
Ֆարշադ Իսազադե (ճարտարագետ) - Այն արտադրվել է Իրանի մեր գործարանում՝ մեր մասնագետների կողմից: Կարող է անընդմեջ աշխատել ու բարձր որակի արտադրանք թողարկել:
Ընկերությունում այս պահին 110 մարդ է աշխատում, որից 90-ը Լեռնագոգից ու հարակից համայնքներից են: 2-րդ փուլը սկսելուն պես աշխատողների թիվը կհասցնեն 450-ի՝ 190 հազար դրամ միջին աշխատավարձով:
Մանսուր Մուհարամի - 35 հոգի էլ Իրանից ենք բերել. ոլորտի նեղ մասնագետներ են, իրենց գործի վարպետներ: Նրանք այս պահին ագրեգատների կարգավորումներով են զբաղված:
Գործարանին ծանոթանալու էր եկել Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետը՝ մի շարք ոլորտների գործարարների հետ: Ներդրումային նոր հնարավորությունները չբացառեցին: Նահանգապետն ասաց՝ այդ ուղղությամբ բանակցություններ են վարում թե՛ պետական այրերի, թե՛ մասնավորի հետ:
Աբեդին Խոռռամ (ԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ) - Մեր նպատակն է հայ-իրանական գործարար կապերը հասցնել բարձր մակարդակի: Թե՛ հայկական, թե՛ իրանական կողմերը պետք է օգտագործեն ներուժը՝ տնտեսական գործակցությունն էլ ավելի ամրապնդելու, պոտենցիալ ներդրողի գործարար նախագծերն իրականացնելու հնարավորության համար:
Պողպատի գործարանը դեռ արդիականացվում է: Պատրաստ կլինի մոտ 20 օրից: Մետաղի առաջին ձուլակտորները կարտադրեն վառարանները թեժացնելուն պես: