Գիտնականն ու գիտությամբ հետաքրքրվողն Ազատության հրապարակում հանդիպել են STARMUS միջազգային փառատոնի գիտական ճամբարում: Ռոբոտաշինություն, արևային էներգետիկա, ԱԹՍ-ների տեխնոլոգիաներ:
Բոլոր տաղավարներում հայկական գիտական միտքն է:
Լևոն Թադևոսյան (Գիտական ճամբարի պատասխանատու) - Մոտ 20-ից ավելի տաղավարներ կան, որոնք ներկայացնում են հայկական գիտական տարատեսակ ինստիտուտները, գիտատեխնոլոգիական կազմակերպությունները: Եվ ընդհանուր գիտական ճամբարի ամբողջ գաղափարն այն է, որ լայնամասշտաբ հանրությունը ծանոթանա տարատեսակ գիտությունների հետ:
Միայն Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի տաղավարում 15 ընկերություն է ներկայացված: Մասնագետները պատմում, այցելուների հարցերին են պատասխանում, թե ինչ գյուտ են ստեղծել և ինչպես են պատրաստվում տեղական ու միջազգային շուկա մտնել:
Հայկ Մարգարյան (ՀՀ ԷՆ նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն) - Մենք ուզում ենք օգտվել այս առիթից և ծանոթացնենք իրենց տարբեր ներդրողների և ուրիշ գիտնականների հետ: Մենք տեսնում ենք ոգևորությունը տարբեր երկրներից՝ հայերից, որոնք ուզում են գալ և մասնակցել մեր երկրի գիտական կյանքին:
«Ուրարտու» ընկերությունը գիտական ճամբարին ներկայացրել է անօդաչու թռչող սարքեր: Այս մեկը, օրինակ, փոքր թիմով ու կարճ ժամանակում են ստեղծել. հնարավորություն ունի մինչև 30 կիլոգրամ ծանրություն բարձրացնել:
Կորյուն Ավանեսյան («Ուրարտու» ընկերության ներկայացուցիչ) - Կոնկրետ այստեղ ներկայացված մոդելը Հեքսակոպտեր է: Կարող է օգտագործվել տարբեր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից, քարտեզագրման ոլորտում և նույնիսկ ռազմական ոլորտում՝ պայմանավորված նրանով, թե ինչ խնդիր է իր առջև դրվում:
Հայկական «Էվան» ընկերությունն էլ էլեկտրական մեքենաների համար նախագծել և արտադրել է մեծ և փոքր լիցքավորիչներ՝ 100 000-ից մինչև 1.5 միլիոն դրամ արժողությամբ: Երևանի տարբեր կետերում չորսն արդեն տեղադրել, ևս 20-ն էլ շուտով կտեղադրեն:
Արայիկ Ղարիբյան («Էվան» ընկերության աշխատակից) - Ունենք մի քանի տարբերակ. սկսած նրանից, որ հնարավոր է մեքենայի մեջ պահել, ճանապարհորդության ընթացքում օգտագործել: Կա տարբերակ, որ ավտոտնակում կարող եք միացնել, և նաև հասարակական վայրերում օգտագործման տարբերակներն են:
Այս տաղավարն էլ հիմնված է սիմվոլիզմի վրա: Ներկայացրել են վերականգնվող՝ մաքուր էներգիան խթանող սարքավորումներ, հայկական արտադրության հեծանիվներ: Ըստ ծրագրի՝ արևը նախ հաղթում է նավթին, հետո լիցքավորում երազանքները, ապա՝ արևածագ Արցախում:
Անի Աղաջանյան (SHTIGEN ընկերության կրթական ծրագրերի ղեկավար) - Մենք կկարողանանք ամեն տանը ապահովել արևային սարքեր, բոլորս կկարողաննաք, հավաքվելով ամբողջ հայությամբ, ստանալ այն լիարժեք ինքնաբավությունը էներգետիկ տեսակետից, որը կպահի հայությանը Արցախում:
Այցելուների հետաքրքրության կենտրոնում է նաև այս տաղավարը: Հայ բժիշկ-գիտնականները ստեղծել են պրոթեզներ, պատրաստվում են արտադրություն հիմնել: Բազմաֆունկցիոնալ պրոթեզները մկանների ակտիվության իմպուլսները գրանցելու շնորհիվ կարողանում են կառավարել պրոթեզի աշխատանքը:
Աշոտ Հովսեփյան (HI.BIDNIC.HAND ընկերության հիմնադիր) - Առավելություններից մեկը. նաև մեր ներքին շուկայի համար բավականին մատչելի կլինի գինը, քանի որ ներկայումս խնդիրը մեր երկրում շատ ակտուալ է պատերազմից տուժած մեր տղաների համար: Մենք նախատեսում ենք ներքին շուկայի համար զգալիորեն ավելի մատչելի ներկայանալ:
STARMUS-ի եռօրյա գիտական ճամբարին մասնակցում է ավելի քան 50 ընկերություն, օրական 50-60 հազար այցելու են ունեցել: Ճամբարը կավարտվի կիրակի երեկոյան՝ համերգով: