Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի արցախցի սաներն ավարտական վկայականներն ստացել են «100 տուն Արցախում» ծրագրի շինհարթակում: Արցախի պետնախարարի գնահատմամբ՝ հետպատերազմյա ծանր ժամանակաշրջանում Հայաստանի հանրային հեռուստաընկերության ներկայությունն Արցախում մեծ է:
Արտակ Բեգլարյան (Արցախի պետական նախարար) - Շատ ուրախ եմ և շնորհակալ եմ, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ոչ միայն շոշափելի ներդրում է ունենում Արցախում տների տեսքով, ոչ միայն դրա տեղեկատվական արշավն է կազմակերպում և Արցախի շուրջ դրական էներգիա է ապահովում, դրական տեղեկատվական հոսքեր է ապահովում, այլ նաև մասնակցություն է ունենում Արցախում մասնագիտական կարողությունների զարգացման գործում, որն իր արդյունքները միանշանակորեն տալու է:
Իսկ արդյունքները ոչ միայն նոր մասնագիտության, այլև ոլորտի կադրերի վերապատրաստման տեսքով են: Մեդիաակադեմիան Արցախում բացվել է 2021-ին և գործել ուղիղ մեկ տարի:
Լենա Մինասյան (Հայաստանի հանրային հեռուստաընկերության Մեդիա ակադեմիայի ղեկավար) - Ստեփանակերտում հիմնվեց հեռուստալրագրողների խումբը, և մեկ տարի Արցախի ուսանողներն ուսումնասիրեցին լրագրություն և հաղորդավարություն՝ հանրայինի մասնագետների օգնությամբ՝ վարպետաց դասերի և սեմինարների միջոցով:
Անահիտ Ջամալյան (Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի շրջանավարտ) - Անչափ կարևոր է ունենալ գիտելիքներ մեդիաոլորտում, որովհետև շատ հետաքրքիր է, և արդեն, երբ դիտարկում ես մասնագիտական տեսանկյունից, ավելի հետաքրքիր է դառնում: Կարծում եմ՝ հետագայում կկարողանանք նաև կիրառել այդ գիտելիքները:
«Լուրերի» Արցախի նկարահանող խումբը Ստեփանակերտում հետևել է Մեդիա ակադեմիայի դասընթացներին: Հաղորդավարներ Համլետ Առաքելյանն ու Հրաչուհի Ութմազյանն ավելի շատ գործնական պարապմունքներ են անցկացրել:
Համլետ Առաքելյան (հեռուստառադիոհաղորդավար) - Հրապարակախոսությունից մինչև տեսախցիկի հետ աշխատանք, եթերի պլանավորում, հաղորդման պլանավորում, ժամանակը Երևանում, և այլ թեմաների մասին, որոնք, վստահ եմ, և՛ այն մարդկանց, որոնք արդեն աշխատում են մեդիայում Արցախում, և՛ մարդկանց, որոնք պատրաստվում են դառնալ մեծ Մեդիա ակադեմիայի ընտանիքների անդամ, վստահաբար կօգնի և նոր մակարդակի կհասցնի:
Հրաչուհի Ութմազյան (հեռուստահաղորդավար) - Հուսամ, որ պետք կլինի, և վստահ եմ ավելի քան, որ մենք այս երիտասարդների հետ և, առհասարակ, Մեդիա ակադեմիայի բոլոր շրջանավարտներին՝ տարբեր ֆակուլտետներում, կկարողանանք տեսնել հեռուստատեսությունում՝ հետագայում:
Հանրայինի տնօրենը համոզված է՝ Արցախում Մեդիա ակադեմիա բացելու առաջին փորձն արդյունավետ է՝ սա հնարավորություն էր հասկանալու՝ որտեղ են հաջողություններն ու թերացումները:
Հովհաննես Մովսիսյան (Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Արդեն եկել է ժամանակը, որպեսզի հասկանանք՝ ինչ արդյունքներ մենք կունենանք: Եվ հատկապես մեզ համար շատ կարևոր է այս ծրագիրը սկսելուց, որպեսզի մենք հասկանանք, որ մենք Արցախում ունենք լրագրողներ, գործընկերներ, ովքեր ինչքան հնարավոր է շատ կպատմեն Արցախի մասին, այսօրվա Արցախի կյանքի մասին:
Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան բացվել է 2021 թվականին: 6 խումբ մասնագիտացել է լրագրության, մարզական լրագրության, հաղորդավարական գործի, հետկադրային ձայնի և կրկնօրինակման ոլորտում:
Լրագրության և ռեժիսուրայի 2 խմբի դասընթացները շարունակվում են: