Պարեկային ծառայությունը 2021-ի օգոստոսից մինչև 22-ի օգոստոս Երևանում՝ 1291, Լոռիում՝ 374, Շիրակում՝ 281 քաղաքացու զրկել է վարորդական իրավունքի վկայականից: Նրանք մեքենան վարելիս կա՛մ գերազանցել են սահմանված արագությունը, կա՛մ եղել են ոչ սթափ վիճակում:
Արթուր Ումրշատյան (ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ) - Ոչ սթափությունը ճանապարհատրանսպորտային պատահարների խնդիրն է: Այսինքն՝ մարդը եթե ոչ ադեկվատ վիճակում ավտոմեքենայի ղեկին է, նա պոտենցիալ գնում է հանցագործության, գնում է մարդ սպանելու: Ինչ է վերլուծությունը ցույց տալիս. որ ՃՏՊ-ներն ավելացել են, ու դա ավտոմեքենաների քանակության ավելացմանը զուգընթաց է, սակայն զոհերի և մարմնական վնասվածքների թվերը պակասում են, ինչը մեզ համար շատ կարևոր է:
Նյութական վնասներով ճանապարհատրանսպորտային պատահարներն ամբողջ հանրապետությունում հուլիս-օգոստոսին ավելի շատ են եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, փոխարենը մարմնական վնասվածքներով դեպքերը պակասել են 27-ով: Նվազել է նաև զոհերի թիվը: Հուլիսին՝ երեք, օգոստոսին երկու քաղաքացու կյանք փրկել չի հաջողվել: Իսկ Երևանում՝ հուլիսին պարեկները 11.341, օգոստոսին՝ 6.345 վարորդի են տուգանել, արձանագրություն են կազմել:
Արթուր Ումրշատյան - Կոնկրետ ոստիկանության պետի ցուցումը կա, և շատ խիստ ուշադրության տակ է այդ փաստը, օրինակ, ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու դեպքերը: Մենք կրկնակի, եռակի ավելի շատ արձանագրություններ ենք կազմում, քան կազմվել են մեկ կամ երկու տարի առաջ:
Ճանապարհատրանսպորտային պատահարները Շիրակի մարզում հուլիս-օգոստոսին ավելացել են 185-ով, մարմնական վնասվածքները՝ պակասել 11-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հյուսիսային մարզում մոտ 10 տոկոսով նվազել է նաև զոհերի թիվը: Գրեթե նույն պատկերն է նաև Լոռիում: Երևանում հիմնական խախտումներն արձանագրվում են Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում:
Հռիփսիմե Ստամբուլյան (կրտսեր պարեկ) - Օրվա ընթացքում 2-6 դեպք ենք ունենում՝ կախված տեղամասից: Տեղամասից շատ բան է գալիս; Կան տեղամասեր, որտեղ շատ են վթարները տրանսպորտային միջոցների հոսքի պատճառով, իսկ իրար չզիջելը հիմնական խնդիրն է:
Որ վթարի պատճառով երթևեկությունը կաթվածահար չլինի, պարեկային ծառայությունը պատրաստվում է արագ արձագանքման նոր ծառայություն ներդնել:
Արթուր Ումրշատյան - Եկել ենք այն եզրահանգման, որ պետք է ունենանք մոտոպարեկներ, և կարճ ժամանակ հետո Երևանի բնակչությունը Երևան քաղաքում կտեսնի մոտոպարեկների, որոնց հիմնական խնդիրը կլինի ՃՏՊ-ների դեպքում արագ դեպքի վայր հասնելը և ՃՏՊ-ի հետևանքով վնասված մեքենաները երթևեկելի գոտուց արագ դուրս բերելը:
Մոտոպարեկների ծառայությունը սկզբնական շրջանում կգործի միայն մայրաքաղաքում, հետագայում՝ նաև հանրապետության մյուս մարզերում: Ժամկետ դեռ չի նշվում: