Հայաստանի մոտ 279 հազար քաղաքացի այս տարվա առաջին 6 ամսում նախընտրել է հանգստանալ մեր երկրի տարածքում: Սա Վիճակագրական կոմիտեի տվյալն է, որն արտացոլում է հյուրանոցներում և հանգստյան տներում հաշվառված քաղաքացիներին: Այս ցուցանիշը 29.1 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից:
Անուշ Բաբայան (ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ) - 2019 թվականի նույն ժամանակահատվածում ներքին զբոսաշրջությունը կազմել է շուրջ 235 հազար, այսինքն՝ այս տարվա 6 ամսվա ցուցանիշը շուրջ 18.7 տոկոսով ավելի է, քան 2019 թվականը:
Տուրիստական ընկերությունները ևս նկատել են՝ Հայաստանի քաղաքացիներն ավելի մեծ ակտիվությամբ են սկսել ճանապարհորդել մեր երկրի տարածքում: Կան նաև մեկօրյա տուրերով հանգստի մեկնողներ, որոնք այստեղ չեն արտացոլվում:
Լուիզա Գասպարյան (տուրիստական ընկերության ներքին տուր-մենեջեր) - Հենց մեր երկրի տարածքում ճամփորդելը դարձել է մարդկանց համար սիրելի թե՛ որպես նախասիրություն, թե՛ որպես ճանաչողական: Հիմնական նախընտրելի ուղղություններից են Տաթևը, կարող եմ առանձնացնել նաև Ճոճվող կամուրջը, եթե մի փոքր այլ ուղղություն նշեմ՝ Դիլիջանը կլինի, Սևանա լիճն են, Ջերմուկը: Ու հիմնականում հայ զբոսաշրջիկները նախընտրում են նաև քայլարշավային ուղղություններ՝ դա կլինի, օրինակ, Լաստիվերը, Ձորագետի կիրճն է բավականին մեծ աճ գրանցել՝ որպես այդպիսին:
Ներքին զբոսաշրջության ընդհանուր ցուցանիշի մեջ շուրջ 10 տոկոսը սոցիալական փաթեթի միջոցով հանգստի մեկնող քաղաքացիներն են: Պատասխանատու գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ առկա տվյալները ցույց են տալիս, որ տարվա կտրվածքով ևս կարող ենք բարձր ցուցանիշներ ունենալ:
Անուշ Բաբայան - Քանի որ սա դեռ կիսամյակային տվյալներ են, հոկտեմբերին ամփոփվելու են արդեն 9 ամսվա տվյալները և հետագայում՝ տարին: Կարծում եմ՝ այո, բավականաչափ ժամանակ ունենք:
Նշենք, որ միևնույն ժամանակահատվածում մեր երկիր ժամանած զբոսաշրջիկների թիվը գերազանցում է 588 հազարը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան