Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքային որոնողափրկարարական թիմը վերաորակավորվել է ՄԱԿ-ի խորհրդատվական խմբի՝ ԻՆՍԱՐԱԳ-ի միջազգային ստանդարտով: Փրկարարների 100 հոգանոց թիմին այն հնարավորություն կտա մոտ 4 տասնյակ երկրի գործընկերների հետ խոսել նույն լեզվով:
Հայկ Նաղդալյան (ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ղեկավար) - Սպիտակի երկրաշարժից հետո մարդիկ հասկացել են, որ մեկը մյուսին չի հասկանում, ղեկավարում չկա, թիմերը գալիս են, չեն իմանում՝ որտեղ աշխատեն, տեղեկություն ընդհանրապես չունեն ու դրանից հետո որոշել են ստեղծել սենց թիմ, սենց ստանդարտներ, որ աշխարհի արձագանքի ժամանակ կարողանան թիմերը հասկանան մեկը մյուսին:
ԻՆՍԱՐԱԳ-ի առաջին հավաստագիրը թիմը ստացել է 2015 թվականին, վերավորակավորվել օրեր առաջ՝ 36-ժամյա վարժանքից հետո: Ինսարագի փորձագետների աչքի առաջ խաղարկվել են տարբեր արտակարգ իրավիճակներ:
Վահե Գևորգյան (Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի խմբի պետ) - Ե՛վ հրդեհ, և՛, որ քաղաքացիներ են բարձրության վրա մնացել, տուժածներ կան վերևի հարկերում և իրենց, բացի ալպինիստական պարանների օգնությամբ, ուրիշ ձև հնարավոր չէ իջեցնել, դա է խաղարկվում: Եվ փլատակների տակ դիեր, և փլատակների տակ ողջ մնացած մարդիկ:
Որպեսզի փրկարարների թիմը ստանա միջազգային որակավորում, պետք է լինի ինքնաբավ, կարողանա աշխատել առանց ընդմիջումների,- ասում է հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ղեկավարը:
Հայկ Նաղդալյան - Երկու խումբ կա թիմի մեջ, մեկը մյուսին փոխելով, 8-9 ժամը մեկ փոխելով պետք է աշխատի 7-10 օր, պետք է ունենա իր հետ իր ջուրը, իր ուտելիքը, այն գործիքները, որը պետք է փրկարարական աշխատանքների, փլուզումների ժամանակ աշխատելու, թե՛ որոնողական, թե՛ երկաթբետոնե կոնստրուկցիաներ կտրելու, ջարդելու, տուժածին դուրս բերելու համար:
Քաղաքային որոնողափրկարարական նմանատիպ թիմեր կան նաև Հայաստանի չորս մարզում, նյութատեխնիկական և անձնակազմի գրեթե նույն հագեցվածությամբ: Բոլորը դեպքի վայր մեկնելուց առաջ անցնում են բժշկական և հոգեբանական զննում:
Էդգար Գալոյան (ՀՀ ԱԻՆ քաղաքային որոնողափրկարարական թիմի համակողմանի ապահովման ղեկավար) - Ենթադրենք՝ 50 հոգի ենք մենք, տագնապ, հավաքվեցինք այստեղ, ես ունեմ իմ փոխարինողը ըստ հաստիքի: Եթե այդ օրը առողջական կամ հոգեբանական խնդիր է ունենում ինչ-որ մեկը, իրեն փոխարինող ունի: Այսինքն՝ 100 հոգի ենք, որից մեկնելու է 50-ը:
ԻՆՍԱՐԱԳ-ի որակավորում ստացած թիմն առանձնանում է նաև տեխնիկայով, որն արդյունավետ օգտագործվել է Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին հաջորդած որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում:
Վահե Գևորգյան - Երբ փլատակներ են լինում, որոշակի չափով անցքեր կան, որպեսզի մենք զննենք տակը, հարկավոր չէ այն ամբողջությամբ ապամոնտաժել, արանքներով կարողանում ենք մոտեցնել, լույս է վառվում, կարողանում ենք, եթե տուժած կա, իր հետ խոսել, տուժածին լսել, տեսնել ինչ կա այդտեղ, պետք է աշխատանք կատարել, թե չէ:
Միջազգային որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու հնարավորություն ունեցող թիմը մեծ վարժանք է իրականացնում տարին առնվազն մեկ անգամ, մնացած օրերին էլ արագ արձագանքում են քաղաքացիների ահազանգերին:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան