ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է Ռուսաստանի քննադատությանը, թե ուկրաինական հացահատիկը ԵՄ է մատակարարվում հացահատիկի գործարքի շրջանակներում և չի հասնում ամենաաղքատ երկրներին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության համակարգող Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությանը։
«Քննադատության ոլորտներից մեկը, որը հնչել է, այն է, որ սնունդ չի ուղարկվում երկրագնդի հարավային հատված՝ առավել կարիքավոր երկրներ: Խնդիրն այն է, որ հացահատիկի շուկան համաշխարհային է: Անկախ նրանից, թե կոնկրետ ուր է մատակարարվում սննդամթերքը, ուր է մատակարարվում ցորենի տվյալ զամբյուղը, այն մեծացնում է գլոբալ առաջարկի ծավալները, հնարավորություն է տալիս մյուսներին ձեռք բերել այլ ցորեն»,- մեջբերում է գործակալությունը Օ'Բրայենի խոսքերը:
Պաշտոնյան քննարկումն անվանել է «որոշ առումներով ապակողմնորոշիչ»։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր ուկրաինական հացահատիկի արտահանումը Եվրամիություն սահմանափակելու հնարավորության մասին, քանի որ այն չի հասնում ամենաաղքատ երկրներ։
Ռուսաստանն այն կարծիքին է, որ Արևմուտքի երկրներին Ուկրաինայի պարտքը կես տարվա ընթացքում ավելացել է 70-100 մլրդ դոլարով։ Կիևը չի կարող իրականացնել բոլոր վճարումները, ուստի Եվրոպան դրանք վերցնում է հացահատիկի տեսքով։ Ըստ Մոսկվայի՝ նման փոխանակման արդյունքը կլինի պարենային ճգնաժամը ձմռանը: