Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն՝ քաղաքացիների 53 տոկոսը Հայաստանի վարչապետին խիստ դրական կամ որոշ չափով դրական է վերաբերվում: Նախորդ տարի իրականացված հարցման համեմատ այդ ցուցանիշն աճել է: Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցում է անցկացրել 1499 քաղաքացու շրջանում՝ 2022 թվականի հունիսի 10-21-ի միջակայքում, հեռախոսազանգերի միջոցով, պատահական ընտրությամբ:
Ցուցակում վարկանիշով հաջորդը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է՝ 34 տոկոսով, երրորդ հորիզոնականում նախագահ Վահագն Խաչատուրյանն է՝ 24 տոկոսով:
Խիստ բացասական կամ բացասական կարծիք հարցվածների մեծ մասը՝ 64 տոկոսը, ունի Արթուր Վանեցյանի մասին, այնուհետև 63 տոկոսով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է, բացասական վերաբերմունքի առումով երրորդ հորիզոնականում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Պետական մարմինների մասին. հարցվածների մեծ մասը՝ 62 տոկոսը, գոհ է արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքից: 53 տոկոսը գոհ կամ մասամբ է գոհ նոր պարեկային ծառայության աշխատանքից: 62 տոկոսի կարծիքով՝ նախկին ճանապարհային ոստիկանության համեմատ նոր պարեկային ծառայությունն ավելի լավն է:
Ի՞նչ կարծիք ունեն հարցվածները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: 28 տոկոսը դրական կամ մասամբ դրական է վերաբերվում հարաբերությունների կարգավորմանը, 59 տոկոսի արձագանքը բացասական կամ շատ բացասական է: Հարցման մասնակիցներից 54 տոկոսի կարծիքով՝ երկրի առջև ծառացած ամենակարևոր խնդիր այս պահին ազգային անվտանգության և սահմանային հարցերն են: Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա՞. այս հարցին դրական պատասխան է տվել 66 տոկոսը՝ հիմնականում նշելով կառավարման և դատական համակարգում փոփոխությունների անհրաժեշտության մասին:
Հարցվածների 61 տոկոսը կարծում է, որ լրատվամիջոցներում առկա ապատեղեկատվությունը խնդրահարույց է մեր երկրի համար: Կառավարությունը պե՞տք է, արդյոք, ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկի. 85 տոկոսի պատասխանը դրական է:
Որպես տեղեկատվության վստահելի աղբյուր՝ հարցվածների համար առաջինը շարունակում է մնալ Հանրային Հեռուստաընկերությունը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան