«Գրանցվեք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում, այլապես կտուգանվեք». ՍԱՏՄ այս ծանուցումը վերաբերում է սննդամթերքի արտադրության ոլորտում տնտեսվարողներին:
Անուշ Հարությունյան (ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ) - Այս պահին ՍԱՏՄ-ում սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցված է 16500 տնտեսվարող. դա մեր դիտարկումներով սննդում աշխատող տնտեսավարողների կեսն է. պետռեգիստրում դրանք հասնում են 30 հազարի:
Ստացվում է, որ արտադրողների մի մասը դուրս է մնում տարեկան ստուգումներից, ու նրանք համարվում են կասկածելի արտադրողներ: Նրանց հայտնաբերելու գործառույթ ՍԱՏՄ-ն չունի: Ըստ գործող օրենքի` սնունդ արտադրողը պարտավոր է գործունեության մեկնարկից երեք օր հետո գրանցվել ՍԱՏՄ-ում: Բացահայտումները լինում են հիմնականում բնակիչների ահազանգերով ու սոցցանցերում շրջանառվող գովազդների դիտարկումներով:
Անուշ Հարությունյան - Որպես կանոն` այն բոլոր տնտեսվարողները, որոնք գրանցված չեն, աշխատում են ոչ նորմալ պայմաններում: Դրանք հայտնաբերելու դեպքում անպայման տուգանվում են, կասեցվում են:
Տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպություններ հիմա սկսել են զուգահեռ սնունդ առաջարկել: Օրինակ՝ ոչ մի սգո սրահ, որն առաջարկում է հոգեհաց, ՍԱՏՄ-ում գրանցված չէ՝ ասում է Անուշ Հարությունյանը:
Անուշ Հարությունյան - Սգո սրահների կողքին բոլորը մատուցում են նաև հոգեհացի ծառայություններ, ու այդ ծառայությունները որքանով են ստուգվում.... ինչպես հասկանում եմ` գրեթե չեն ստուգվում, որովհետև իրենք գրանցված չեն, եթե որևէ բողոք չլինի, մենք իրենց մոտ չենք այցելում:
Բակային խանութներ, փոքր խորտկարաններ՝ չգրանցված, բայց սնունդ վաճառող կազմակերպությունների շրջանակը լայն է: ՍԱՏՄ-ում պարտադիր գրանցման են ենթակա ոչ միայն սնունդ արտադրողները, այլև սննդի փաթեթավորման պարագաներ արտադրողները:
Անուշ Հարությունյան - Երբ մենք ասում ենք «սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսվարող», մենք նկատի ունենք «դաշտից պատառաքաղ» հասկացությունը:
Հանրային սննդի արտադրողներին տուգանելու միտում չկա՝ ասում է ՍԱՏՄ ներկայացուցիչը: Գրանցման գործընթացը բարդ չէ, նույնիսկ տեսչական մարմին այցելելու կարիք չկա: Կարելի է գրանցվել առցանց՝ snund.am կայքում, կազմակերպության տվյալները փոխանցել նույնիսկ հեռախոսով: Իսկ եթե ոչ՝ տնտեսվարողը կտուգանվի: Առաջին դեպքի համար՝ 100 հազար դրամով: