ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՌԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Սամարղանդում հաջորդ շաբաթ նախատեսվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովը նշել է, որ անհրաժեշտ է քննարկել հացահատիկի գործարքի հետ կապված հարցերը, քանի որ, Պեսկովի խոսքով, ամենաաղքատ երկրներ հացահատիկ գրեթե չի մատակարարվում, ինչպես պայմանավորված էր Ստամբուլի բանակցությունների արդյունքում: ՄԱԿ-ի դասակարգմամբ «աղքատ» երկրներ պարենամթերքի միայն երկու խմբաքանակ է հասել, հայտնել է Կրեմլի խոսնակը՝ մանրամասնելով, որ հանդիպման ընթացքում կքննարկվի նաև ռուսական պարենամթերքի՝ միջազգային շուկաներ դուրս գալու հարցը:
ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿԻԵՎԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԱԳԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ
Եթե Ուկրաինան դադարեցնի ռազմական գործողությունները, կդադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում՝ ԱՄՆ պետքարտուղարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Հանդիպման ժամանակ Էնթոնի Բլինքենը համոզմունք է հայտնել, որ էներգետիկ ճգնաժամը հնարավորություն է վերջնականապես հրաժարվել ռուսական էներգիայից կախվածությունից: Այս համատեքստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշնակիցներին Կիևին մատակարարել ձմռան համար անհրաժեշտ պարագաներ, որպեսզի ուկրաինական զորքերն անգամ ցուրտ եղանակին շարունակեն պայքարել ռուսական ուժերի դեմ:
Ավելի վաղ Կիևում Բլինքենը հանդիպել է Ուկրաինայի նախագահի և երկրի արտաքին գործերի նախարարի հետ: ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը հայտարարել էր Ուկրաինային 2,8 միլիարդ դոլարի նոր ռազմական ֆինանսավորման մասին:
ԵՄ-ՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԵՆ ԵԿԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԳՆԻ ՇՈՒՐՋ
ԵՄ էներգետիկայի նախարարները համաձայնության չեն եկել ռուսական գազի գնի շուրջ, հանձնարարել են Եվրահանձնաժողովին ուսումնասիրել գազի բոլոր տեսակների, ներառյալ հեղուկ բնական գազի սահմանափակումների հնարավորությունը:
Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կներկայացնի էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարի նոր առաջարկներ՝ հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ կողմ է ռուսական գազի գնի սահմանափակմանը:
ԶԱԷԿ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՎԵՐՋԻՆ ՌԵԱԿՏՈՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱՐՈՂ Է ԴԱԴԱՐԵՑՎԵԼ
Զապորոժիեի ատոմակայանում գործող վերջին ռեակտորը կարող է կանգնեցվել, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Աշխատակիցները հայտնել են, որ գնդակոծության արդյունքում ոչնչացվել է Էներգոդար քաղաքը սնուցող էներգետիկ ենթակառուցվածքը։ Անցյալ շաբաթ կազմակերպությունը հրապարակել էր զեկույց՝ կոչ անելով դադարեցնել կայանի և շրջակայքի հրետակոծությունը, քանի որ դա կարող է վնասել կարևոր սարքավորումներ և անսահմանափակ ռադիոակտիվ նյութեր արտանետել: