Սողանքն է ջարդել պատերը, փախչող հողը տան հետևը բարձրացրել է, դիմացի մասը՝ իջեցրել, կառույցը հիմքից այնպես շեղել՝ դուռն ինքն իրեն փակվում է՝ ցույց է տալիս Հենրիկ պապը։ Հատակն արդեն այն աստիճան է թեքված՝ ինչ դնում են, գլորվում է:
Ողջաբերդում գտնվող 4-րդ կարգի վթարային տնից ապահով այլ կացարան տեղափոխվելու համար Համբարձումյանների ընտանիքն օրերս պետությունից ֆինանսական աջակցություն է ստացել՝ բնակարանի գնման վկայագիր։
Աիդա Համբարձումյան (Ողջաբերդի բնակիչ) - Քանի՞ հոգու համար են հաշվել՝ 6 հոգու, 4 սենյակի համար՝ 18 մլն 640 հազար:
Գումարը, մարզպետարանում ասել են, հաշվարկված է Աբովյանի տների այս տարվա շուկայական արժեքով: Անշարժ գույքի թանկացումների ֆոնին նոր բնակարանին կհերիքի՞, հարցրեցինք տիկին Աիդային։
Աիդա Համբարձումյան - Հիմա պետությունն էդքան հնարավորություն ունի մեզ տալու: Էսքան տարի չենք ստացել, նոր տալիս ա, պետք ա շնորհակալ լինենք ու տեղավորվենք այդ գումարի մեջ:
Նոր տունը Համբարձումյանները փնտրում են Ջրվեժում։ Նրանց ու շահառու ևս 14 ընտանիքի համար հատկացվել է ընդհանուր մոտ 242 մլն դրամ։ Զգուշացվել են՝ գործարքը կնքել մինչև տարվա վերջ, բնակարանը կարող են ընտրել որտեղ ուզում են՝ պարզաբանում է կառավարության ներկայացուցիչը։
Աննա Իվանյան (ՀՀ ՏԿԵՆ տարածքային կառավարման վարչության պետ) - Իրենք են ընտրելու վայրը։ Որոշման մեջ սահմանված է ժամկետ՝ դեկտեմբերի 20-ը, որից հետո երկարաձգելու ժամկետ չունենք։ Եթե նախատեսված գումարը լինում է ավել, այդ դեպքում շահառուն է ավելացնում գումարը, իսկ եթե պակաս՝ դա մնում է քաղաքացու հաշվին։
Սողանքի պատճառով Ողջաբերդում վթարային է 100-ից ավելի սեփականություն․ ԲԳՎ-ն հատկացվել է փլվելու վտանգի առաջ, ամենավատ վիճակում գտնվող տներին՝ վստահեցնում է բնակավայրի վարչական ղեկավարը։
Աշոտ Մուշեղյան (Ողջաբերդ բնակավայրի վարչական ղեկավար) - էս պահին էդ 106-ից առաջնայինը էդ 15 հոգին են, ես ինչ հիշում եմ՝ էս 20 տարին սպասում են դրան, խնդիրն էսօր ա լուծում ստացել:
Շահառուներից 4-ը դեռ անձնագրի, հասցեի ճշգրտման խնդիր ունեն։ Երկար սպասված ԲԳՎ-ն վերցնելուց առայժմ հրաժարվում են: Գալստյանները չնայած ասում են՝ տունն այնքան է խարխլված, վախենում են, թոռներն էլ են այստեղ ապրում։
Դավիթ Գալստյան (Ողջաբերդի բնակիչ) - էտա, էսա, էնա, էսի հիմնական պատերն են, էլի, որը որ տունը նստած ա սրանց վրա:
Փոխհատուցման առաջարկվող 21 մլն դրամին Դավիթ Գալստյանն ու մայրը չեն համաձայնվել հայրական տան վրա գրանցված անձանց թվի պատճառով: Ասում են՝ 9-ն են նշված, 14 պետք է լիներ: Աբովյանում վարձով բնակվող եղբոր ընտանիքին հաշվել են, Ռուսաստան տեղափոխված մյուս եղբորը՝ անտեսել:
Ռիմա Գալստյան (Ողջաբերդի բնակիչ) - Հա, բա հիմա ինչի ինձ 5 սենյակ, թող լիներ 8 սենյակ: Ռուսաստանի տղուն չեն գրանցել, կարող ա գրանցումից դուրս ա եկել, ի՛նչ անենք՝ դուրս ա եկել։ Ստեղ սեփականատեր ա մարդը:
Մոտեցումը վերանայելու խնդրանքով դիմել են մարզպետարան։ Եթե հարցը լուծվի-համաձայնության գան՝ մյուս շահառուների պես Գալստյաններն էլ ամենաուշը մինչև հունվար նոր բնակարան կտեղափոխվեն ու ըստ պայմանագրի պարտադիր պահանջի՝ կքանդեն վթարային տունը, որ պետությունն այս ընտանիքների խնդիրը համարի լուծված, իրենք էլ մոռանան սողանքի մասին։