ՀՀ-Ն ՀՐԱՎԻՐՎԱԾ Է ՇՀԿ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 15-16-ը տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների՝ Ռուսաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների հանդիպումը։
ՇՀԿ-ի կարևոր միջոցառումներին, որպես գործընկեր երկրներ, հրավիրված են նաև Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Կամբոջան, Նեպալը և Շրի Լանկան։
ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ
Էմանուել Մակրոնի առաջարկած Եվրոպական քաղաքական համայնքի ձևավորման հարցով առաջին հանդիպումը հնարավոր է` տեղի ունենա Պրահայում հոկտեմբերի 6-ին՝ ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին ընդառաջ: Հանդիպմանը հրավիրվելու են ԵՄ անդամ 27 երկրների, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Մեծ Բրիտանիայի, Մոլդովայի և Արևմտյան Բալկանների 6 երկրի ներկայացուցիչներ։ Օրակարգային հիմնական հարցերն են՝ Ուկրաինայում զարգացումները, էներգետիկ ճգնաժամը և տնտեսական իրավիճակն աշխարհում։
ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ՋԱՆՔԵՐԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ. ԵՄ ԿՈՉԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ
Վրաստանը 2021 թվականին կարողացել է մի շարք բարդ բարեփոխումներ իրականացնել, սակայն ԵՄ-ն լրջորեն անհանգստացած է առանցքային ոլորտներում զգալի առաջընթացի բացակայությամբ, ասված է ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի յոթերորդ նիստից հետո հրապարակված հաղորդագրության մեջ:
«ԵՄ-ն Թբիլիսիին կոչ է արել կրկնապատկել ջանքերը ժողովրդավարության ամրապնդման, քաղաքական բևեռացումը նվազեցնելու, օրենքի գերակայության, դատական համակարգի անկախության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում», - նշվում է փաստաթղթում:
Վրաստանի իշխանությունները պարտավորվել են նաև բարելավել մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը, ինչպես նաև ապահովել լրատվամիջոցների ազատությունը։
ՌԴ-Ն ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵՆ ԶԱԷԿ-Ի ՄԱՍԻՆ. ԳՐՈՍԻ
Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է համաձայնագիր կնքեն Զապորոժիեի ատոմակայանի անձեռնմխելիության վերաբերյալ՝ հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։ Նա նաև մեկնաբանել է ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու իր առաջարկը:
«Գաղափարը հետևյալն է՝ հարցնել ռուսներին և ուկրաինացիներին՝ համաձա՞յն եք, որ կայանը չի կարելի թիրախավորել: Եթե այո, ուրեմն պետք է համաձայնագիր կնքենք», - մանրամասնել է Գրոսին։
Նրա խոսքով՝ գործակալությունն արդեն կապ է հաստատել Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների հետ, ատոմակայանի ապառազմականացման մասին առաջարկի քննարկումը կարող է սկսվել առաջիկա տասն օրվա ընթացքում։
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը նախօրեին կարծիք է հայտնել, որ ԱԷԿ-ի ապառազմականացման առաջարկը սաղմնային փուլում է, սակայն արժանի է ուշադրության: Ռուսական կողմի համոզմամբ՝ ապառազմականացումը չի ապահովի կայանի անվտանգությունը, այլ հնարավորություն կտա ուկրաինական կողմին նոր սադրանքների դիմել:
ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ՝ ԷՍՏՈՆԻԱ ՄՈՒՏՔԻ ԱՐԳԵԼՔԸ ՇՈՒՏՈՎ ՈՒԺԻ ՄԵՋ ԿՄՏՆԻ
Ռուսաստանի քաղաքացիների` Էստոնիա մուտքի արգելքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ին, նման որոշում են կայացրել նաև Լիտվան, Լատվիան և Լեհաստանը:
Սեպտեմբերի 1-ին Պրահայում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները հայտարարել են ԵՄ-Ռուսաստանի միջև վիզաների դյուրացման համաձայնագիրը կասեցնելու մասին, ինչի արդյունքում ռուսաստանցիների համար վիզա ստանալը շատ ավելի դժվար կլինի։
Վլադիմիր Պուտինը, իր հերթին, տեղեկացրել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է մշակել օտարերկրյա զբոսաշրջիկների համար մուտքի արտոնագրերի վերացման հարցը և հայելային սահմանափակումներ չմտցնել այն երկրների դեմ, որոնք չեն ցանկանում վիզաներ տրամադրել ռուսաստանցիներին: