Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հանձնարարել է ժամանակին բացված, հետո կիսատ մնացած, հիմա չշահագործվող հանքերի համար գտնել նոր ներդրողներ, իրենց աջակցությամբ շահագործել դրանք:
«Հայաստանում կան հանքեր, որոնք ժամանակին բացվել են, մի քիչ շահագործվել են, կիսատ են մնացել: Հիմա ես հանձնարարել եմ, որ ինչքան բացված, կիսատ հանքեր կան, որոնք չեն շահագործվում, գտնել նոր ներդրողներ, իրենց աջակցությամբ շահագործել:
Հայաստանի ամենախոշոր ձեռնարկությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, 20 տարի առաջ գործարանն օտարվել էր, մինչև այդ ամբողջությամբ պետական էր: Հիմա մեր կառավարությունը միջոցներ ձեռնարկեց, և այսօր ՀՀ-ն այդ գործարանի 21 տոկոս սեփականատեր է: Ընդ որում՝ ես կարծում եմ, 20-25 տոկոսը բավարար է, միևնույն է, մասնավորն ավելի լավ կաշխատեցնի»,- ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը լավ գործընկերներ ունի, որոնց հետ աշխատում է, որ գործարանն առավել արդյունավետ լինի: