Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի հիշատակին և մասնակցել նրա 100-ամյակին նվիրված միջոցառմանը:
Նախագահ Խաչատուրյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, Օհան Դուրյանի հարազատների և ընկերների հետ ծաղիկներ է խոնարհել մաեստրոյի շիրիմին:
Նախագահ Խաչատուրյանը իր խոսքում մասնավորապես նշել է. «Ուզում եմ բոլորիս շնորհավորել այսօրվա կապակցությամբ, քանի որ նշում ենք Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը: Ես այն բախտավորներից մեկն եմ, ով հնարավորություն և պատիվ է ունեցել 1993 թվականից ճանաչել մաեստրոյին, շփվել նրա հետ: Նա իր կյանքում երբևիցե չդավաճանեց այն սկզբունքներին, որոնցով ապրել էր: Այդ սկզբունքների պատճառով նա շատ է տուժել՝ սկզբում Խորհրդային Հայաստանում, երբ ստիպված էր ուղղակի լքել իր հայրենիքը, հետո՝ մեր անկախ Հայաստանում:
Սակայն կարծում եմ՝ այսօր ամենակարևորն այն է, որ մենք հնարավորություն ունենք պետական մակարդակով նշելու մաեստրոյի հարյուրամյակը: Նա ուղղակի չէր հանդուրժում կեղծիքը հատկապես մասնագիտական շրջանակում: Ովքեր աշխատել են մաեստրոյի հետ, գիտեն, թե ինչպիսին էր նա իր գործում»:
Նախագահ Խաչատուրյանը կիսվել է իր հիշողություններով և պատմել որոշ դրվագներ մաեստրո Դուրյանի մասին: «Լինում էին դեպքեր, երբ տարբեր նվագախմբերի հետ խնդիրներ էին առաջանում: Փորձում էինք հասկանալ՝ ինչն է պատճառը, և պարզվում էր, որ ընդամենը մաեստրոն շատ խստապահանջ մարդ էր: Այն ինչին ինքը տիրապետում էր փորձում էր հնարավորինս փոխանցել երաժիշտներին: Արդյունքում՝ ամբողջ նվագախումբը շնորհակալ էր, քանի որ նա իր աշխատանքով հասել էր երաժիշտների պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը: Այսօր մենք զգում ենք նրա պակասը»,- պատմել է նա:
Վահագն Խաչատուրյանը, խոսքն ուղղելով Օհան Դուրյանի այրուն և մտերիմ ընկերոջը, ասել է. «Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեզ՝ տիկին Ալիս, ինչպես նաև մաեստրոյի սիրելի ընկերոջը՝ Վահանին: Դուք ամեն գնով վառ եք պահում մաեստրոյի հիշատակը, և ամեն ինչ փորձել եք անել այնպես, ինչպես մաեստրոն կաներ, ոչ մի մանրուք ձեզ համար մանրուք չի եղել»: