Լրագրող, արձակագիր, հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի առաջին խմբագիր Այդին Մորիկյանի տան բակում հավաքվել են գործընկերները, բարեկամները՝ նշելու օրաթերթի հիմնադրման օրն ու բացելու հուշատախտակ՝ նվիրված Մորիկյանի հիշատակին:
Արամ Սարգսյան (Այդին Մորիկյանի ընկերը) - Բացառիկ ուսուցիչ, դասախոս, բացառիկ լրագրող, լրագրողական անթալոգիա 2 հատորների հիմնադիր, որ կարող է դասագրքային համարվել: Խոսքի, բառի արժեքն իմացող բացառիկ անհատականություն, ում հայերենի իմացությունը անսահման էր:
Մորիկյանը ղեկավարել է «Հայացք Երևանից» ամսագիրը, «Օրրան» և «Ժամանակ Երևան» թերթերը, եղել է տեղեկատվության փոխնախարար: Ընկերները հուզմունքով են հիշում Մորիկյանի հետ անցկացրած ժամանակը, պատմում լրագրության և քաղաքականության մեջ նրա անցած ուղու մասին: Կնոջ խոսքով՝ ստեղծագործական բուռն տարիներին ինքը մշտապես փորձել է լինել ամուսնու օգնականը:
Անի Խարազյան (Այդին Մորիկյանի կինը) - Շատ կուզեի, որ իրականանար Այդինի երազանքը, որ մենք ունենայինք հայրենիք կառուցող, միտք ունեցող, գաղափար ունեցող մարդիկ, որ մեր հայրենիքը չդիտեին որպես բիզնես տարածք, հող ու քար:
Այդին Մորիկյանը կրթել է բազմաթիվ երիտասարդների: Կյանքի վերջին տարիներին դասավանդել է Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում։
Աստղիկ Սարգսյան (Այդին Մորիկյանի ուսանողը) - Այդին Մորիկյանի վերջին ուսանողներից եմ եղել ու էդ առումով միշտ էն զգացողությունն եմ ունեցել, որ ինչ լավ է, որ հասցրի հետը ծանոթանալ, որովհետև Մորիկյանը լրագրության էն վարպետներից էր, ում հետ հանդիպելուց հետո կյանքն այլևս նույնը չի լինում: Նա միշտ անձին նայում էր պոտենցիալի պրիզմայով, իսկ դա այնքան հազվագյուտ երևույթ ա:
Այդին Մորիկյանի մահվանից անցել է ավելի քան 10 տարի: Ինչպես հարազատներն են ասում՝ նրա մասին միշտ խոսելու են ներկայով ու մասունքի նման պահելու են գրական այն ժառանգությունը, որ թողել է Մորիկյանը եկող սերունդներին:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան