97 000 ՇԱՀԱՌՈՒԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆ ՈՒ ՆՊԱՍՏԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ
Կառավարությունը վերանայեց նվազագույն կենսաթոշակի չափը՝ այն սահմանելով 31 հազար 600 դրամ՝ 30 500-ի փոխարեն: Հարցը թեև չզեկուցվողների շարքում էր, նիստը վարող փոխվարչապետը ոլորտային նախարարին խնդրեց ներկայացնել մանրամասները: Մկրտչյանը նկատեց՝ այս որոշմամբ բացառապես բոլորի թոշակները կբարձրանան առնվազն 3000 դրամով: Նախագիծն օրակարգ է բերվել վարչապետի հանձնարարականով, քանի որ օգոստոսի 24-ին արված վերանայումից հետո պարզվել էր՝ գործող օրենքով թոշակառուների մի մասի համար ավելացումը խոստացված 3000-ից պակաս է կազմում:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Նախագծի ընդունման արդյունքում 16 հազար 600 կենսաթոշակառուի և 5186 զինկենսաթոշակառուի ու շուրջ 75 հազար նպաստառուի համար սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակն ու նպաստները: Այսինքն՝ մինչև այս որոշումը այն խումբը, որոնց թոշակը մինչև այս որոշումը սահմանված օրենքով և բանաձևով բարձրացել էր 1900 կամ 2500 դրամով, այդ մնացած հատվածը հոկտեմբերի կենսաթոշակի հետ կստանա:
Այսպիսով՝ սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի ու նպաստի առնվազն 3000 դրամով բարձրացումը կտարածվի ևս 97 հազար շահառուի վրա: Հասարակության այս խմբի համար նախարարը ևս մեկ լավ նորություն ուներ. թոշակների ու նպաստների հետվճարի համակարգին միացել է ԱԿԲԱ բանկը:
Նարեկ Մկրտչյան - Հորդորում եմ մեր քաղաքացիներին, որ արդեն ակտիվորեն անկանխիկ գործարքներ անեն նաև ԱԿԲԱ բանկի քարտերով, որովհետև կենսաթոշակառուների բավականին մեծ հատված սպասարկվում էր հենց ԱԿԲԱ-ի կողմից:
693 ՄԼՆ ԴՐԱՄ՝ 6 ՄԱՐԶԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ
Անցնելով զեկուցվող հարցերին` 693 միլիոն դրամ ուղղվեց 6 մարզի 11 բնակավայրի 15 սուբվենցիոն ծրագրի: Դրանց մի մասն ավարտվել է, մնացածն էլ ավարտական փուլում է՝ զեկուցեց Գնել Սանոսյանը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Արարատի մարզում մեկ ծրագիր է՝ 71 մլն դրամ արժողությամբ, Գեղարքունիքում՝ 3 ծրագիր՝ 70 մլն դրամ, Լոռու մարզում՝ մեկ ծրագիր՝ 23 մլն դրամ, Շիրակում մեկ ծրագիր՝ 29 մլն դրամ, Սյունիքի մարզում՝ 4 ծրագիր՝ 353 մլն դրամ և Վայոց ձորում 5 ծրագիր՝ 145 մլն դրամ:
Այս հատկացումն էլ հետը հաշված՝ տարեսկզբից մինչև հիմա գործադիրը 303 սուբվենցիոն ծրագրի 8 միլիարդ 758 միլիոն դրամ է հատկացրել՝ թվերն ամփոփեց նախարարը: Փոխվարչապետը հետաքրքրվեց՝ իսկ ի՞նչ ընթացքի մեջ են 2023-ի հայտերը: Դրանք արդեն քննարկվում են, որ հաջորդ տարի շինարարությունը գարնանից սկսվի, գործը չկանգնի՝ ասաց Սանոսյանը: Ըստ նրա՝ նախագծերի ներկայացման համար համայնքներն այժմ չորսամսյա ժամկետ ունեն, նախատեսում են դեկտեմբերից ամփոփել արդյունքները:
Գնել Սանոսյան - Ունենք բավական մեծ թվով հայտեր, ընդհանուր առմամբ 112 միլիարդ դրամի, որն աննախադեպ մեծ է:
Նախագծերը կազմելու ընթացքում այս թիվը դեռ կփոփոխվի՝ ասաց Սանոսյանը: Այդպես եղավ նաև 22-ի դեպքում, նախնական հայտերը 377-ն էին, հաստատվեց 363՝ 74.5 միլիարդ դրամ արժեքով, որից 39 միլիարդը Կառավարության մասնաբաժինն է:
ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՄԱՐ
Մեկ այլ նախագծով Կառավարությունը նոր պահանջներ սահմանեց մեքենաների առքուվաճառքի շուկաների համար: Ըստ Գնել Սանոսյանի՝ ուսումնասիրել են գործընկեր երկրների փորձը, նաև հարևան Վրաստանի ու քաղաքակիրթ շուկայի մասին պատկերացումները շարադրել որոշման մեջ:
Գնել Սանոսյան - Դրա համար սահմանվել են տարրական չափորոշիչներ՝ սկսած շուկայի տարածքից, չափից, որը սահմանվել է 5 հեկտար: Սահմանվել է, որ այնտեղ պետք է լինեն բազմաթիվ ծառայություններ՝ և՛ ֆինանսական, և՛ ոստիկանական, և՛ մաքսային, որպեսզի այդ շուկայում ոչ միայն մեքենա գնել, վաճառել հնարավոր լինի, այլ նաև հնարավոր լինի մաքսազերծել այն, տեղում հաշվառում իրականացնել, պետհամարանիշներ ստանալ:
Շուկա այցելողների համար էլ առանձին ավտոկայանատեղի կլինի, տարածքում՝ սննդի կետեր՝ թվարկեց նախարարը: Համբարձում Մաթևոսյանն էլ հույս հայտնեց՝ նոր մոդելը կթեթևացնի նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանման գերծանրաբեռնվածությունը: