ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՄԲ
Կարո՞ղ էր այլ ելք լինել. ըստ վարչապետի` նման հետևության կարող են հանգել պատերազմական գործողությունների հանգամանքները պարզելուց հետո: Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բանակի բարձրաստիճան սպաների դեմ նախաձեռնված քրեական վարույթներին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Կարևոր եմ համարում, որ գտնենք էդ պատասխանը` ինչո՛ւ այլ ելք չեղավ: Արդյոք ինչ-որ ուժեր կային, որ շահագրգռված էին այլ ելքով, ուզում էին, որ քաղաքական պրոցեսներ հարուցեն, իշխանափոխություն լինի: Փաստեր են ի հայտ գալիս, որ հարցը ուժեղանում է գնալով, հույս ունեմ, որ իրավապահները բավարար օբյեկտիվ կլինեն հարցերի պատասխանը գտնելու համար: Ոմանք փորձում էին տպավորություն ստեղծել, որ իշխանությունը ուզում է պատերազմի հանգամանքները կոծկել, ասում էի՝ ո՛չ, իշխանությունը շահագրգռված է, որ ճշմարտությունը բացահայտվի: Հիմա ասում են՝ իշխանությունը ուզում է գցի բանակի վրա, ուզում ենք հասկանալ՝ որտեղ ինչ է տեղի ունեցել: Հրամանատարներից հրամաններ են եղել, որ չեմ կարողանում հասկանալ՝ ոչ բարոյապես, ոչ ֆիզիկապես... Ասում էին` Շուշին ծախել են, քրգործ է, մարդ է ձերբակալված, հիմա` ով է Շուշին տվել, ինչի են պաշտպանում... թեման մինչև վերջին թելը պետք ա բացահայտվի... :
Վարչապետի խոսքով՝ 2018-ից հետո հսկայական միջոցներ են ուղղվել բանակին, պարզվում է՝ այդ միջոցները միշտ չէ, որ հասել են նպատակին:
Նիկոլ Փաշինյան - Ինչու պիտի ներենք, ինչ մեդալ ունենան դոշին, ինչի ներենք, չկա ներում այդ մարդկանց: Տպավորություն եմ ստանում, որ ոչ թե իմ հրամանով, այլ եսիմ ում հրամանով են առաջնորդվել, սրանից մեծ դավաճանություն... բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու...:
ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ՁԵՌՆՏՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ. ՎԱՐՉԱՊԵՏ
Վարչապետն անդրադարձավ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ ընդգծելով, որ կոմունիկացիաների բացումը ձեռնտու է Հայաստանին: Վերջերս կատարված հետազոտությունը, Նիկոլ Փաշինյանի խոսքով, ցույց է տվել, որ Հայաստանում սննդամթերքը միջինում ավելի թանկ է, քան շատ երկրներում: Դա կապված է տրանսպորտային խնդիրների հետ:
Նիկոլ Փաշինյան - Հետազոտություն ենք արել, գնաճը հուզում է: Տրանսպորտային կոմունիկացիաների բացումը մեզ ձեռնտու է, եթե ձեռնտու է, կարող ենք լուծումների գնալ, ասում ենք, որ շահագրգռված ենք բացմամբ, ինչպես Իրանից, Վրաստանից կարող են, կողմ ենք նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Էս հարցի շուրջ չի հաջողվել վերջնական համաձայնության գալ, դա կապված է որոշ իրավական կարգավորումների հետ, որտեղ մեր տեսակետները չեն համընկել: Հստակ համաձայնության գալուց հետո երթուղիների բացման հարցն արագ կլուծենք:
Հայաստանի իշխանությունները երկրի տարածքով որևէ մեկին որևէ միջանցք չեն տալու՝ Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպմանը շեշտեց Հայաստանի ղեկավարը՝ անդրադառնալով հարցին, թե տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը որքանով կարող է սպառնալիք լինել Հայաստանի, մասնավորապես, Սյունիքի համար:
Նիկոլ Փաշինյան - Ճանապարհի բացումը ոչ մի սպառնալիք Հայաստանի և Սյունիքի մարզի համար չի ստեղծում, ընդհակառակը՝ դա կբերի անվտանգության և կայունության լրացուցիչ երաշխիքներ: Այլ բան, որ ադրբեջանական խոսույթի մեջ երբեմն մտնում են արտահայտություններ, որոնք բացահայտում են որոշակի վտանգներ: Օրինակ՝ խոսում են միջանցքի մասին: Ես ուզում եմ շատ հստակ լինի, որ մենք Հայաստանի տարածքով որևէ միջանցք որևէ մեկին չենք տալու: Բայց մենք ճանապարհ տալու ենք, բացելու ենք և պատրաստ ենք դա անել ցանկացած պահի: Մենք նաև առաջարկներ ենք փոխանցել, որ պահին Ադրբեջանն այդ առաջարկներն ընդունի, արդեն այդ առաջարկների հիման վրա կարելի է կոնկրետ փաստաթուղթ ստորագրել և շատ արագ իրագործել այդ պայմանավորվածությունը:
Ադրբեջանն ուզում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ: Վարչապետի խոսքով՝ հենց այդ է իրական սպառնալիքը: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում, վարչապետի խոսքով, Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային կապ կստանա Ռուսաստանի հետ: Մինչդեռ այսօր Հայաստանի ամբողջ տնտեսությունը Վերին Լարսի ճանապարհից է կախված, իսկ ճանապարհն այսօր ավելի ծանրաբեռնված է, քանի որ Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված նախկինում Սև ծովով իրականացված բեռնափոխադրումների մի մասը իրականացվում է այդ հատվածով:
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ
Նիկոլ Փաշինյան - Սպառնալիք կա հետևյալի մեջ` սահմանագծման, սահմանազատման հարցերում: Ադրբեջանը Արևելյան Զանգեզուր է, միջազգային հարթակներում ասում է` տարածքային պահանջ չունեմ, բայց նկատի ունի, որ գոյություն ունի Արևմտյան Զանգեզուր, թաքնված նկրտումներ կան: Սահմանագծումը պետք է տեղի ունենա իրավական ուժ ունեցող փաստաթղթերի վրա, քարտեզը նկար է:
Բրյուսելյան եռակողմ հանդիպմանը հայկական կողմին հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել՝ հայտարարեց Հայաստանի վարչապետը: Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, ինչը, Նիկոլ Փաշինյանի խոսքով, հակասում է Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշմանը: Փաշինյանը հիշեցրեց՝ ապրիլին ՌԴ կատարած պաշտոնական այցի ընթացքում Ռուսաստանի նախագահի հետ ստորագրվել է հայտարարություն՝ արձանագրելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործակցության մասին:
Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանն արձանագրում է, որ կա հիմնախնդիր, որը պետք է կարգավորել: Եվ սա տրամաբանական է, որովհետև եթե հիմնախնդիր չլիներ, Ռուսաստանի խաղաղապահ ուժերը չէին գտնվի Լեռնային Ղարաբաղում:
ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՄԻՇՏ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է. ՓԱՇԻՆՅԱՆ
Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրից` ընդգծելով, որ վերադարձի հարցը բոլոր մակարդակներում մշտապես ուշադրության կենտրոնում է՝ և՛ Ռուսաստանի, և՛ մնացած գործընկերների ու նաև Ադրբեջանի հետ շփումներում: Վարչապետի խոսքով՝ հումանիտար խնդիր է, որը պետք է լուծվի:
Վլադիվոստոկի Հայ Առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցում, մինչև հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը, վարչապետը ծաղիկներ է խոնարհել եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի և Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված խաչքարերի մոտ: