Կառավարությունը 693 մլն դրամ հատկացրեց 6 մարզում 15 սուբվենցիոն ծրագիր ավարտին հասցնելու համար:
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ նախագիծը վերաբերում է 6 մարզի: Արարատի մարզում մեկ ծրագիր է՝ 71 մլն դրամ արժողությամբ, Գեղարքունիքում՝ 3 ծրագիր՝ 70 մլն դրամ, Լոռու մարզում՝ մեկ ծրագիր՝ 23 մլն դրամ, Շիրակում մեկ ծրագիր՝ 29 մլն դրամ, Սյունիքի մարզում՝ 4 ծրագիր՝ 353 մլն դրամ և Վայոց ձորում 5 ծրագիր՝ 145 մլն դրամ:
Նախարարի խոսքով՝ ծրագրերի մի մասն ավարտվել է, մի մասն ավարտական փուլում է:
«Այս ծրագրերն ընդհանուր առմամբ 15-ն են. դրանք 11 բնակավայրում են իրականացվել, և 3 ծրագիր կա, որոնք 2022 թվականի են և ավարտվել են: Այսպիսով, մենք այսօրվա նախագիծն էլ հետը կունենանք, որ հունվարից սկսած մինչև հիմա 303 ծրագրի համար Կառավարությունն արդեն տրամադրել է 8 մլրդ 758 մլն դրամ գումար»,- նշեց Գնել Սանոսյանը:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ նախնական 2023 թվականի համար 112 մլրդ դրամի հայտ է ներկայացվել. թիվը կարող է փոխվել նախագծերը կազմելուն զուգընթաց:
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ներկայացրեց այսօրվա որոշմամբ հատկացվող գումարի շրջանակում իրականացված սուբվենցիոն ծրագրերը:
Մասնավորապես՝ Արարատի մարզի Մասիս քաղաքում իրականացվել են արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ հետիոտնային ճանապարհի սալարկման աշխատանքներ, Լոռու մարզի Դսեղ համայնքի մանկապարտեզի ճանապարհն է կառուցվել, Շիրակի մարզի Ախուրյան համայնքում կառուցվել է կոմունալ ծառայությունների և ճանապարհների սպասարկումն իրականացնող տեխնիկական միջոցների կայանման, սպասարկման կենտրոն, Սյունիքի մարզի Գորայք համայնքում վերանորոգվել են «Ծաղկունք», «Սպիտակ տուն» ջրաղբյուրների ջրհավաք ավազանները, մասնակի վերանորոգվել են բնակավայրերը սնող խմելու ջրի ջրագծեր և այլն: