ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ
Էմանուել Մակրոնի առաջարկած՝ Եվրոպական քաղաքական համայնքի ձևավորման հարցով առաջին հանդիպումը հնարավոր է տեղի ունենա Պրահայում հոկտեմբերի 6-ին՝ ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին ընդառաջ: Հանդիպմանը հրավիրվելու են ԵՄ անդամ 27 երկրների, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Մեծ Բրիտանիայի, Մոլդովայի և Արևմտյան Բալկանների 6 երկրի ներկայացուցիչներ։ Օրակարգային հիմնական հարցերն են՝ Ուկրաինայում զարգացումները, էներգետիկ ճգնաժամը և տնտեսական իրավիճակն աշխարհում։
ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ՋԱՆՔԵՐԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ. ԵՄ ԿՈՉԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ
Վրաստանը 2021 թվականին կարողացել է մի շարք բարդ բարեփոխումներ իրականացնել, սակայն ԵՄ-ն լրջորեն անհանգստացած է առանցքային ոլորտներում զգալի առաջընթացի բացակայությամբ՝ ասված է ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի յոթերորդ նիստից հետո հրապարակված հաղորդագրության մեջ:
«ԵՄ-ն Թբիլիսիին կոչ է արել կրկնապատկել ջանքերը ժողովրդավարության ամրապնդման, քաղաքական բևեռացումը նվազեցնելու, օրենքի գերակայության, դատական համակարգի անկախության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում», - նշվում է փաստաթղթում: Վրաստանի իշխանությունները պարտավորվել են նաև բարելավել մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը, ինչպես նաև ապահովել լրատվամիջոցների ազատությունը։
ԱԷՄԳ-Ն ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍԿՍԵԼ ԶԱԷԿ-Ի ՀԱՐՑՈՎ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը խորհրդակցություններ է սկսել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հարցով։ Ինչ մակարդակով են տեղի ունենում խորհրդակցությունները՝ չի նշվում։ Ռաֆայել Գրոսին հայտնել է նաև, որ ակնկալում է երկու շաբաթից ոչ ուշ Մոսկվայի և Կիևի հետ քննարկել ԱԷԿ-ի անվտանգության ապահովման ծրագիրը։
Նա մեկնաբանել է ռուսական և ուկրաինական կողմերի հայտարարություններն այն մասին, որ ԱԷԿ այցից հետո Գործակալության զեկույցը թերի է և համակողմանի տեղեկություններ չի պարունակում կայանի գնդակոծման մասին.
«Ակնկալում էինք, որ նման հայտարարություններ կլինեն: Դա նշանակում է՝ լավ ենք աշխատում: Մեղավորներին փնտրելը մեր մանդատից դուրս է», - նշել է Գրոսին:
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը նախօրեին կարծիք է հայտնել, որ ԱԷԿ-ի ապառազմականացման առաջարկը սաղմնային փուլում է, սակայն արժանի է ուշադրության: Իսկ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ապառազմականացումը չի ապահովի կայանի անվտանգությունը, այլ հնարավորություն կտա ուկրաինական կողմին նոր սադրանքների դիմել:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՍԵՎ ԾՈՎՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ՄԼՆ ՏՈՆՆԱ ԲԵՌ
Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ հացահատիկային պայմանավորվածություններից հետո Ուկրաինայի նավահանգիստները լքել է պարեանամթերքով բեռնված ավելի քան հարյուր նավ, որից 54-ն ուղևորվել է Ասիա, 16-ը՝ Աֆրիկա, 32-ը՝ Եվրոպա:
Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնից էլ հայտնել են, որ Սևծովյան պարենային նախաձեռնության շրջանակում տեղափոխվել է ավելի քան 2 մլն տոննա բեռ: Օգոստոսի 7-ի տվյալով՝ Ուկրաինայից 64 200 տոննա եգիպտացորեն ուղարկվել է Իսպանիա, 12 500 տոննա արևածաղկի ձեթ էլ տեղափոխվել է Ռումինիա: Համակրգող կենտրոնը թույլատրել է, որ ընդհանուր առմամբ 83 200 տոննա պարենամթերքով բեռնված ևս 5 նավ լքի ուկրաինական նավահանգիստները: Դրանք կուղևորվեն Չինաստան, Թուրքիա և Իտալիա։
Նախօրեին Վլադիմիր Պուտինն առաջարկել է դիտարկել Ուկրաինայից Եվրոպա հացահատիկի արտահանումը սահմանափակելու հնարավորությունը, քանի որ, նրա խոսքով, գրեթե ողջ հացահատիկը ուղարկվում է ոչ թե աղքատ երկրներ, այլ ԵՄ տարածք։
ԱՄՆ-Ը ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ԻՐԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Վաշինգտոնը դեռ ուսումնասիրում է իրանական միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ Իրանի վերջին առաջարկները՝ հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալը։
«Թեհրանի պատասխանը մեզ չի մոտեցրել համաձայնագրի կնքմանը, սակայն հուսով ենք՝ դա իրականություն կդառնա: Գործարքի վերականգնումը բխում է ոչ միայն մեր երկրի ազգային շահերից, այն նաև կնպաստի տարածաշրջանային կայունության հաստատմանը»,- նշել է Վեդանտ Պատելը:
Եվրամիությունը նույնպես շահագրգռված է միջուկային գործարքի վերականգնմամբ՝ չնայած առկա տարաձայնություններին: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հավատացրել է՝ Միությունը չի հրաժարվի Իրանի հետ միջուկային համաձայնագրից։