ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԼԱՏՎԻԱ, ԼԻՏՎԱ, ԷՍՏՈՆԻԱ
Լատվիան, Լիտվան և Էստոնիան համաձայնության են եկել՝ սահմանափակելու Ռուսաստանի քաղաքացիների մուտքը այդ երկրներ Ռուսաստանի և Բելառուսի սահմաններով՝ հայտարարել է Լատվիայի արտգործնախարարը։
Բացառություններ կարվեն բեռնատարների վարորդների, դիվանագետների և ընտանեկան ու հումանիտար նկատառումներով սահմանը հատողների համար։
Վլադիմիր Պուտինը, իր հերթին, տեղեկացրել է, որ ՌԴ արտգործնախարարությանը հանձնարարել է վերանայել օտարերկրյա զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրերի տրամադրման կարգը և հայելային սահմանափակումներ չմտցնել:
ՈՉ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ. ՊՈՒՏԻՆԸ՝ ԵՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Եվրամիությունը մտադիր է ռուսական գազի գնի վերին սահմանաչափ սահմանել: Էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար Եվրահանձնաժողովն առաջարկում է նաև կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը:
Այս նախաձեռնությունն Արևելյան տնտեսական ֆորումի ընթացքում մեկնաբանել է Վլադիմիր Պուտինը:
«Եթե Եվրոպան ռուսական գազի կարիք չունենա, այն կուղարկենք այլ երկրներ։ Այդ որոշումը «ոչ շուկայական հիմարություն» է և կհանգեցնի էներգակիրների գների բարձրացման նոր ալիքի»,- համոզմունք է հայտնել ՌԴ նախագահը։
Պուտինն անդրադարձել է նաև Ռուսաստան-Ուկրաինա հետագա հարաբերություններին:
«Ուկրաինայում շատերն ատում են Կիևի ռեժիմը, պետք է հիմնվենք հենց այդ ուկրաինացիների հետ շփումների վրա»,- ընդգծել է Կրեմլի ղեկավարը։
ՊԵՏՔ ՉԷ ԹԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ԷՐԴՈՂԱՆ
Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ չի աջակցում Ուկրաինայի հարցում Արևմուտքի սադրիչ դիրքորոշմանը, հավելել՝ Թուրքիան հավասարակշռված քաղաքականություն է վարում Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ: Սերբիայի նախագահի հետ հանդիպմանը նա նշել է, որ Արևմտյան երկրներն արդյունքի չեն հասնի, քանի դեռ պատերազմ են մղում Ռուսաստանի դեմ։
Կիևին արևմտյան ռազմական աջակցությունն Էրդողանը «մետաղի ջարդոն» է անվանել։ Նա անդրադարձել է նաև Եվրոպայում էներգետիկ ճգնաժամին.
«Պետք չէ թերագնահատել Ռուսաստանին, այդ երկիրը կօգտագործի հնարավոր բոլոր մեխանիզմները, երբ նրա վրա հարձակվեն»,- շեշտել է Թուրքիայի նախագահը:
Այս ձմեռ Եվրոպայում ցուրտ է լինելու, իսկ հաջորդ ձմեռ՝ բևեռային, մտահոգություն է հայտնել Ալեքսանդր Վուչիչը:
«Չեմ հասկանում՝ ինչպես է Եվրամիությունը ռուսական գազի գնի վերին սահմանաչափ որոշելու»,- նշել է Սերբիայի ղեկավարը։
Վուչիչը նաև տեղեկացրել է, որ Սերբիայի զինված ուժերը մի քանի հարյուր միլիոն եվրոյի «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր են գնելու։
ՓԱՐԻԶԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻՆ
Փարիզը պատրաստ է աջակցել Հունաստանին և Կիպրոսին, եթե Թուրքիան ագրեսիվ գործողություններ իրականացնի՝ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը Հունաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը։
Քեթրին Կոլոնայի խոսքով՝ Ֆրանսիան աշխատում է հնարավոր էսկալացիայից խուսափելու ուղղությամբ։ Նա նշել է, որ ավելի վաղ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը կոչ է արել Անկարային զերծ մնալ սադրիչ գործողություններից:
Դենդիասն էլ մտահոգություն է հայտնել, որ գրեթե ամեն օր թուրք պաշտոնյաները սադրիչ հայտարարություններ են անում Հունաստանի և հույն ժողովրդի դեմ, սպառնում հարձակվել, ցուցադրում քարտեզներ, որոնք հունական կղզիները ներկայացնում են որպես Թուրքիայի մաս:
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼԻ ՉԷ
ԱՄՆ Պետքարտուղարությունից էլ հայտարարել են, որ Հունաստանի ինքնիշխանությունն իր կղզիների նկատմամբ չի կարող վիճարկվել, իսկ «օկուպացված կղզիներ» արտահայտության կիրառումը կարող է մեծացնել լարվածությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև՝ նշել են կառույցում, կոչ արել հարգել բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը։