Որն է Երկիր մոլորակի վրա կյանքի շարունակականությունն ապահովող գործոնը: Հարցը ոչ միայն համաշխարհային տիեզերագիտության, այլև Երևանում արդեն 3-րդ օրն ընթացող «Սթարմուս»-ի օրակարգում է: Մոլորակագետ Բեթանի Էլմանն ընդգծում է՝ հարցի պատասխանը ստանալու համար ուսումնասիրվում են Մարսն ու Վեներան, որոնք ինչ-որ ժամանակ շատ նման են եղել մեր մոլորակին:
Բեթանի Էլման (Մոլորակագիտության պրոֆեսոր) - Փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք պաշտպանել ինքներս մեզ, և, որքան շատ ենք ուսումնասիրում մեր արեգակնային համակարգն ու տիեզերքը, տեսնում ենք, որ երկիրն, իսկապես, շատ կարևոր կեցավայր է եղել վերջին 4 մլրդ տարիներում: Հենց սրանով է, որ այս պահին զբաղվում է տիեզերագիտությունը:
Գիտնականներին ամենից շատ անհանգստացնում են կլիմայական փոփոխությունները: Աստղակենսաբան Դեյվիդ Գրինսփունն արձանագրում է՝ տիեզերքն անընդհատ փոփոխվում է, անկանխատեսելիորեն փոխվում է նաև մեր մոլորակը: Հիմնական խնդիրն է՝ Մարսի ու Վեներայի բացասական փորձն ունենալով, կանխել Երկիր մոլորակի հնարավոր աղետները:
Դեյվիդ Գրինսփուն (աստղակենսաբան) - Վեներայի դեպքում ակնհայտ է, որ տեղի են ունեցել հրաբխային ժայթքումներ, որոնք հասցրել են կլիմայական աղետների: Մարսի պարագայում շատ մեծ կլիմայական աղետ է տեղի ունեցել, որը հանգեցրել է նրա մթնոլորտի կորստին: Ասում են, որ տիեզերքի հարվածների պատճառով է եղել մթնոլորտի կորուստը:
Տիեզերքում տեղի ունեցող փոփոխությունների հետազոտմանը կարող է նպաստել նաև Հայաստանը, նշում է ֆիզիկոս Սքոթ Հաբըրդը՝ հիշեցնելով ամիսներ առաջ ուղեծիր բաց թողնված արբանյակի մասին:
Սքոթ Հաբըրդ (Ֆիզիկոս) - Հայաստանը պետք է շարունակի հանձնառությունը, բոլոր ջանքերը ներդնի իր առաջին արբանյակի աշխատանքի ուղղությամբ: Արբանյակների միջոցով տիեզերական ուսումնասիրությունների ծրագրում կարող են ներգրավվել բոլոր երկրները: Երբ ասում ենք «տիեզերքի ուսումնասիրություն»՝ նկատի ունենք երկրի խորքերի, աստղերի, նաև Մարսի և այլ մոլորակների ուսումնասիրությունը:
Երևանում ընթացող «Սթարմուս»-ով գիտնականները տպավորված են: Երեք օրվա ընթացքում Հայաստանի մայրաքաղաքում արձանագրել են՝ գիտության մեջ կա երաժշտություն, երաժշտության մեջ էլ՝ գիտություն:
Հեղինակ` Նորայր Շողիկյան