Գերիների հարցն անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է բոլոր մակարդակներում՝ և՛ Ռուսաստանի, և՛ մնացյալ մեր գործընկերների հետ շփումներում, Ադրբեջանի հետ քննարկումներում՝ Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պատասխանելով հարցերին՝ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մեր երկրում բիզնեսի համար ստեղծվող պայմաններին, Կառավարության առաջնահերթություններին, բանակին և պատերազմից հետո տարբեր բարձրաստիճան զինվորականներին ներկայացված մեղադրանքներին:
«Չափազանց կարևոր եմ համարում, որ ի վերջո բոլորով գտնենք պատասխանը՝ ինչո՞ւ այդպես չեղավ, ինչո՞ւ այլ ելք չեղավ, նույնիսկ եղած սուղ հնարավորությունների պայմաններում: Արդյոք ինչ-որ ուժեր կայի՞ն, որոնք շահագրգռված էին պատերազմի այդ ելքով, և նրանք ոչ միայն շահագրգռված էին, այլև ուզում էին այդպես լինի հետևյալի համար, որ Հայաստանում քաղաքական պրոցեսներ հարուցեն, և իշխանափոխություն տեղի ունենա: Ես պնդում չեմ անում, բայց ուզում եմ ասել, որ հիմա փաստեր են ի հայտ գալիս, այս հարցը գնալով ինձ մոտ ուժեղանում է:
Հույս ունեմ, որ մեր իրավապահ մարմինները բավարար չափով օբյեկտիվ կգտնվեն այս հարցերի պատասխանը գտնելու համար: Ոմանք փորձ էին անում տպավորություն ստեղծել, թե իշխանությունը և անձամբ ես ուզում ենք պատերազմի հանգամանքները կոծկել: Ես ասում էի՝ ժողովուրդ ջան, որ, հակառակը, իշխանությունը շահագրգռված է, որ ճշմարտությունը բացահայտվի:
Հիշո՞ւմ եք, որ ասում էին՝ իշխանությունը Շուշին տվել է, ծախել: Քրեական գործ է հարուցված, մարդ է ձերբակալված այդ առումով, հիմա էլ հանդես են գալիս պաշտպանությամբ: Հիմա ո՞վ է Շուշին տվել: Ես չեմ հասկանում՝ այդ ինչո՞ւ են պաշտպանում: Բա սրեր էիք ճոճում պատերազմից առաջ: Թե՞ ձեզ ճշմարտությունը չէր հետաքրքիր, ձեզ հետաքրքիր էր ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը, մի քանի հոգու շարել պատի տակ, գնդակահարել և ասել՝ վերջ, թեման վերջացավ: Չի պրծնելու այս թեման: Այդ թեման մինչև վերջին թելը պետք է բացվի: Չկա ավելի շահագրգիռ ուժ պատերազմի մասին ճշմարտության բացահայտման, քան իշխանությունը:
2018 թվականից հետո մենք հսկայական միջոցներ ենք ծախսել բանակի վրա, բայց հիմա պարզվում է հանգամանքը, որ նույնիսկ մեր պայմաններում տված միջոցները միշտ չէ, որ հասել են այնտեղ, որտեղ պետք է հասնեին: Իսկ ինչո՞ւ պետք է որևէ մեկին ներենք սա: Չկա ներում այդ մարդկանց»,- ասաց Փաշինյանը: