«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի գործող 16-րդ հոդվածի կիրառության ժամանակ առաջանում են իրավական անորոշություններ: Հոդվածի 1-ին մասով բժշկական միջամտության համար անհրաժեշտ պարտադիր պայման է համարվում մարդու գրավոր համաձայնությունը: Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ բժշկական միջամտության համար գրավոր համաձայնություն տալու դեպքերը սահմանում է լիազոր մարմինը: Առաջանում է տարընթերցում, քանի որ հասկանալի չէ, թե որ դեպքերի համար է անհրաժեշտ գրավոր համաձայնությունը՝ բժշկական միջամտության բոլոր դեպքերի՞, թե՞ միայն լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերի համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը:
Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Էմմա Պալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 8-ի նիստում:
Տարընթերցումները, իրավական անորոշությունները և հակասությունները բացառելու համար նախագծով առաջարկվում է հստակ շարադրել, որ գրավոր համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար: Այդ պահանջը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքից՝ ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտությունից: Նախագծով առաջարկվում է նաև որոշ դեպքերում նախատեսված բժշկական միջամտությունների համաձայնությունների համար ամրագրել գրավոր լինելու պայմանը:
«Լիազոր մարմինը կսահմանի բոլոր այն դեպքերը, երբ իրականում քաղաքացու կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից գրավոր համաձայնություն տալը կարևոր է և պարտադիր հետագա խնդիրներից խուսափելու համար: Այս պարագայում բժիշկը եւս պաշտպանված կլինի»,- պարզաբանել է Նարեկ Զեյնալյանը:
Հարակից զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները լուծելի են դարձնում խնդիրները, քանի որ ամբուլատոր և ստացիոնար պայմաններում հնարավոր չի լինելու բոլոր տեսակի բժշկական միջամտությունների համար գրավոր համաձայնություն վերցնել: Կառավարության կողմից առաջարկություններն ընդունելի են:
Նախագիծը դրական եզրակացություն է ստացել: