Տիեզերական այս երաժշտությունը գիտության և արվեստի այս խաչմերուկում արդեն չորրորդ օրն է լսվում: օրվա տարբեր ժամերի այստեղ գալիս են դասախոսությունների, կոնֆերանսների, ճեպազրույցների և համաշխարհային աստղերի երաժշտությունը վայելելու:
60-ից ավելի հատուկ հյուր՝ արտիստներ, տիեզերագնացներ, նոբելյան դափնեկիրներ՝ շարունակում են տարբեր հարթակներում ներկայացնել իրենց փորձը, մոտիվացնել երիտասարդներին, օրինակ ծառայել:
Խուան Թոմաս Հերնան (SATLANTIS-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն, գիտնական) - Սա շատ լավ հնարավորություն է, դուք աշխարհը բերել եք Հայաստան: Ոչինչ հնարավոր չէ անել առանց գործընկերների: Բացի դրանից՝ անհրաժեշտ է լրացնել բաց թողածը, և դուք դա անում եք:
Իսպանական SATLANTIS-ի գլխավոր տնօրենի արձագանքն է՝ STARMUS-ին: STARMUS-ն ուղղակի միջոցառում չէ, այլ հավաքատեղի, մտքերի, ինչպես նաև նպատակների ճշգրտման հարթակ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարը շեշտում է՝ STARMUS-ի ընթացքում հստակեցնում են նախարարության առաջնահերթությունները։
Այս և նախորդ օրերի բանախոսների խոսքում շեշտադրումը մեկն է՝ Հայաստանում երիտասարդները խանդավառված են գիտությամբ:
Արբի Կարապետյան (NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայում թռիչքի էլեկտրոնիկայի բաժնի ղեկավար) - Ես ուրախ եմ տեսնել, որ երիտասարդ սերունդը ոգևորված է, ինչպես ես՝ ժամանակին:
Ժան-Ժակ Դորդեյն (ավիատիեզերական ինժեներ) - Ուսանողների շատ մեծ մոտիվացիան, արդեն իսկ ապագայի համար խոստումնալից ռեսուրս է:
Խուան Թոմաս Հերնան - Տպավորիչ է հազարամայկների պատմություն ունեցող երկրում գիտության մեջ երիտասարդների այսչափ ներգրավվածությունը, թիմերում երիտասարդների աշխուժությունը: Տպավորիչ է տեսնել, որ Հայաստանը շատ կարճ՝ ռեկորդային կարճ ժամանակահատվածում դարձավ տիեզերական ուսումնասիրությունների ակումբի անդամ. ընդամենը 6 ամիս առաջ էր Հայաստանի կառավարությունը հանդես եկել նման որոշմամբ:
ՀՀ ԱՐԲԱՆՅԱԿՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ԿԱՆ. ՄԱՆԹԱՇՅԱՆ
Խուան Թոմաս Հերնանի գլխավորած ընկերության և հայկական պետական «Գեոկոսմոսի» համատեղ աշխատանքի արդյունքում մայիսի 25-ին Հայաստանի առաջին արբանյակը՝ «ArmSat-1»-ը, արձակվեց տիեզերք: Հերնանը շեշտում է՝ հիմա մենք տիեզերքն ուսումնասիրելու լավագույն ժամանակներում ենք: Մանրամասնում է՝ ընդամենը 1 տարի առաջ դեռ 1000-1500 արբանյակ կար տիեզերքում, այսօր 6000-ից ավելի:
Արբանյակն աշխատում է, լուսանկարներ կան: Սա արդեն մեր արբանյակի մասին է՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն է նշում, այլ մանրամասներ ասել չի կարող:
Գևորգ Մանթաշյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ) - Կան պատճառներ։ Գիտենք, որ արբանյակը կա, գիտենք, որ աշխատում է, գիտենք, որ գործողություններ կատարում է։ Ովքեր կաշխատեն նախագծի հետ, նրանք կիմանան:
Հերնանն ավելացնում է ՝ իրականացվող ծրագիրը երկրաժամկետ է։ Արբանյակը տիեզերք ուղարկելը դեռ առաջին քայլն էր միայն:
Թոմաս Հերնան - Հաջորդ քայլը կլինի, հայկական արտադրության արբանյակների գործարանի ստեղծումը։ Պետք է համբերությամբ լցվել, արդյունաբերությունը նորից արթնացնել, որովհետև Հայաստանում թեև եղել են օպտիկայի և էլեկտրոնիկայի տիեզերական նշանակության նախագծեր և կարողություններ, այնուամենայնիվ, ոլորտը որոշ ժամանակ քնած է եղել. պետք է այն նորից արթնացնել:
Այս ծրագրով նաև հայ ուսանողներ կվերապատրաստվեն Իսպանիայում: Շեշտում է՝ նախատեսում են նաև հետազոտական նախագծեր իրականացնել հենց Հայաստանից արբանյակների հաշվարկային կառավարման ուղղությամբ։
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան