Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին, «ՎՏԲ Հայաստան», «Արդշին» և «Հայբիզնես» բանկերից բացի, միացել է նաև ԱԿԲԱ բանկը։
Ըստ այդմ, կենսաթոշակը կամ նպաստն ԱԿԲԱ բանկի կողմից թողարկված քարտերով ստացող շահառուների կողմից սեպտեմբերի 1-ից հետո կատարված անկանխիկ գործարքների դեպքում կհաշվարկվի հետվճար։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 5,000 դրամը։
Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։
Այն քաղաքացիները, ովքեր սեպտեմբեր ամսին կկատարեն անկանխիկ գործարքներ, հետվճարը կստանան մինչև հոկտեմբերի 25-ը։