Այս տարվա հուլիսին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Հայաստան ավելի քիչ գումար են փոխանցել, քան հունիսին: Հունիսին փոխանցված գումարների ծավալը կազմել էր 597 մլն 786 հազար դոլար, հուլիսինը՝ 567 մլն 721 հազար դոլար։ Հիմնական փոխանցումները կրկին Ռուսաստանի Դաշնությունից են՝ 442 մլն 684 հազար դոլար։ Հաջորդ ամենաշատ փոխանցումները հուլիսին կատարվել են ԱՄՆ-ից՝ կազմելով 56 մլն 727 հազար դոլար։ Ընդհանուր առմամբ բանկերի միջոցով այս տարվա հուլիսի 31-ի դրությամբ Հայաստան է փոխանցվել 2,437,721,000 դոլար: Այս տարվա փոխանցումների ռեկորդային աճը տնտեսագետները պայմանավորում են Հայաստան ժամանած ռուսաստանցիների գործարքներով։
Հայկ Մնացականյան (տնտեսագետ) - Ռուսական կապիտալը փնտրում է քիչ թե շատ կայուն միջավայր, էս դեպքում դա Հայաստանն է, և արդյունքում որոշակի կապիտալի հոսք ունենք Ռուսաստանից:
Ռուսաստանից Հայաստան աճ չեն գրանցում արտագնա աշխատանքի մեկնած անձանց իրականացրած փոխանցումները: Պատճառն, ըստ տնտեսագետի, Ռուսաստանի տնտեսական իրավիճակն է և աշխատաշուկայում առկա խնդիրները: Ըստ Հայկ Մնացականյանի, Ռուսաստանից դրամական հոսքերի աճը կարճաժամկետ բնույթ է կրում:
Հայկ Մնացականյան - Զբոսաշրջության ակտիվացման արդյունքում լրացուցիչ հոսք եղավ, աշնանը կկայունանան կամ որոշակի առումով կնազեն տրանսֆերտները:
Դրամական փոխանցումների աճը որքանով է ազդում Հայաստանի տնտեսության վրա, և որ ոլորտներում են հիմնականում ծախսվում այդ գումարները: Ըստ տնտեսագետի՝ գումարները հիմնականում ուղղվում են առևտրի և ծառայությունների ոլորտներ:
Հայկ Մնացականյան - Պետական և ոչ առևտրային կառույցների քաղաքականության ներդաշնակեցում է պետք, որպեսզի ուղղորդվի ոչ միայն առևտրի և ծառայությունների ավելացումը, այլև, ավելի շատ, արդյունաբերության զարգացումը:
Ըստ հաշվարկների՝ Հայաստան ժամանած ռուս մասնագետների թիվը, որոնք հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից են, տատանվում է 50-70 հազարի սահմաններում: Հայաստանում այս տարի ընդհանուր առմամբ գրանցվել են ռուսական ծագմամբ շուրջ 850 ընկերություն և 350 անհատ ձեռնարկատեր: Մոտ 40 հազար իրավաբանական և ֆիզիկական անձինք ավելի քան 100 հազար հաշիվ են բացել հայաստանյան բանկերում:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան