Աշխատանքային այցով Վլադիվոստոկում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձավ նաև Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման հնարավորություններին:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսը սկսելը հարթ գործընթաց չէ:
«Պետք է հասկանանք, որ բարդ գործընթաց է: Մեր տրամադրվածությունն այն է, որ ինչքան էլ դժվար լինի, գնանք առաջ»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այդ հարցում ակնկալում է ժողովրդի աջակցությունը այդ գործընթացում:
«Որովհետև, ցավոք, մենք երկար ժամանակ այն տպավորության մեջ ենք եղել, որ եթե հետ չենք գնում, կա՛մ կարելի է տեղում կանգնած մնալ, կա՛մ տեղապտույտի մեջ: Իրականում դա այդպես չէ. կա՛մ հետ ենք գնում, կա՛մ առաջ: Մեր առաջարկն է, որ գնանք առաջ»,- ավելացրեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ եռակողմ աշխատանքային խումբը, փոխվարչապետների ղեկավարությամբ, բավականին լավ աշխատել է:
«Բայց նյուանսներ կան, որ թվում է՝ 90 տոկոսը համաձայնեցված է, մնացել է 10 տոկոսը, բայց երբեմն այդ 10 տոկոսը ավելի կարևոր է, քան այն 90 տոկոսը: Բայց մենք շարունակում ենք աշխատել»,- նշեց Փաշինյանը: