Աշխատանքային այցով Վլադիվոստոկում գտնվող Հայաստանի վարչապետը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Ադրբեջանի հետ սահմանազատման հնարավորություններին:
«Տրանսպորտային կոմունիկացիաների բացումը մեզ ձեռնտու է: Եթե որևէ բան մեզ ձեռնտու է, մենք չենք կարող էնպիսի լուծումների գնալ, որ միայն մեզ է ձեռնտու, մնացած բոլորին ձեռնտու չէ, միայն մեզ է ձեռնտու: Եվ էս պատճառով մենք ասում ենք, որ շահագրգռված ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ և, ինչպես օրինակ՝ ԻԻՀ-ից, Վրաստանից Հայաստան կարող են մուտք գործել, ելք անել տրանսպորտային միջոցներ, մենք դեմ չենք, ընդհակառակը, կողմ ենք, որ նույնը տեղի ունենա Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Եվ այս հարցի շուրջ դեռևս չի հաջողվել վերջնական համաձայնության գալ: Դա կապված է որոշ իրավակարգավորումների հետ, որտեղ մեր տեսակետները վերջնականորեն չեն համընկել:
Բայց ես ուզում եմ հստակ ասել, որ այս հարցում համաձայնության գալուց հետո շատ արագ և՛ երթուղիների հարցը, և՛ ճանապարհների բացման հարցը կլուծենք, ինչը նախատեսված է 2021 թ. հունվարի 11-ին ՌԴ նախագահի, իմ և Ադրբեջանի նախագահի միջև ստորագրված այդ եռակողմ հայտարարությամբ»,- ընդգծեց Փաշինյանը: