Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ներկաներից մեկի հարցին, թե որքանով տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կարող է սպառնալիք լինել Հայաստանի, մասնավորապես, Սյունիքի մարզի համար: Վարչապետը վստահեցրեց, որ Հայաստանի իշխանությունները երկրի տարածքով որևէ մեկին որևէ միջանցք չեն տալու:
«Ճանապարհի բացումը ոչ մի սպառնալիք Հայաստանի և Սյունիքի մարզի համար չի ստեղծում, ընդհակառակը ճանապարհի բացումը կբերի անվտանգության և կայունության լրացուցիչ երաշխիքներ, այլ բան, որ ադրբեջանական խոսույթի մեջ երբեմն մտնում են արտահայտություններ, նախաձեռնություններ, որոնք բացահայտում են որոշակի վտանգներ:
Օրինակ՝ խոսվում է միջանցքի մասին: Ես ուզում եմ շատ հստակ լինի, որ մենք ՀՀ տարածքով որևէ միջանցք որևէ մեկին չենք տալու, բայց մենք ճանապարհ տալու ենք, բացելու ենք և պատրաստ ենք դա անել ցանկացած պահի: Մենք նաև առաջարկներ ենք փոխանցել: Որ պահին Ադրբեջանն այդ առաջարկներն ընդունի, արդեն այդ առաջարկների հիման վրա կարելի է կոնկրետ փաստաթուղթ ստորագրել և շատ արագ իրագործել այդ պայմանավորվածությունը: Եվ հավաստիացնում եմ, որ դա ոչ մի սպառնալիք չի ստեղծում:
Ադրբեջանն ուզում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ: Ես հիմա շատ նրբերանգներ չեմ բացում, բայց այ դա սպառնալիք է, երբ ճանապարհը բացվի, ուրիշներն այդ կոմունիկացիաներից օգտվելու հնարավորություն ունենան, իսկ Հայաստանը ռեալ չունենա:
Մենք ի՞նչ նկատի ունենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացում ասելով. դա մեր պատկերացմամբ նշանակում է, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային կապ է ստանում Ռուսաստանի հետ»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ ճանապարհների բացումն ինքն անհնար չի համարում: