Գերմանիայի Կառլսռուե քաղաքում ընթացող՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 11-րդ վեհաժողովը հրապարակել է «2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքները» վերնագրով հայտարարությունը, որում վերահաստատել է, որ դատապարտում է Արցախում Ադրբեջանի կողմից քիմիական զենքի և կասետային զինամթերքի կիրառումը, քաղաքացիական անձանց, հիվանդանոցների և հանրային ենթակառուցվածքների թիրախավորումը, հակամարտության ընթացքում կատարված մյուս բոլոր պատերազմական հանցագործությունները՝ գլխատումներ, խոշտանգումներ ու այլ դաժանություններ:
«Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ավարտից գրեթե երկու տարի անց հարյուրավոր էթնիկ հայերի դեռևս անօրինակ պահում են Ադրբեջանում՝ խախտելով ռազմագերիների հետ վարվելու Ժնևի կոնվենցիան»,- ասվում է արձանագրության մեջ։ Այնուհետև նշվում է, որ երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է ուկրաինական հակամարտության վրա, ադրբեջանական ուժերը նոր հարձակումներ են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանների վրա, արդյունքում՝ նոր անմեղ զոհեր ու գերեվարվածներ:
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է արել ՄԱԿ-ին, Եվրամիությանը և Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ քաղաքացիական պատանդներին և ռազմագերիներին՝ միջազգային իրավունքին համապատասխան:
Արձանագրությունում խորհուրդը հաստատել է նաև իր մտահոգությունը «տարածաշրջանում գտնվող սրբավայրերի և հայկական մշակութային ժառանգության հարցով և կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու միջազգային հանրությանը ձեռնարկել բոլոր հնարավոր և համապատասխան միջոցներն այդ վայրերը պաշտպանելու համար»:
Տեքստում խորհուրդը կոչ է անում «իմաստալից երկխոսություն սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և խաղաղ կարգավորման հարցով»՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում, իսկ «ԵՀԽ-ին և բոլոր անդամ եկեղեցիներին խնդրում է քրիստոնեական համերաշխություն պահպանել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի եկեղեցիների ու ժողովրդի հետ՝ արդար և կայուն խաղաղության որոնումների համար»: