Օգոստոսի 23-25-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիրում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ գերատեսչությունների զինծառայողների ձեռքի մարտական հրաձգային զենքից հրաձգության առաջնություն, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության և Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայության զինծառայողները։
Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո։
Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Արման Գասպարյանը՝ վստահեցնելով, որ մասնակիցները կցուցաբերեն պատրաստվածության և հմտության բարձր մակարդակ, որին կնպաստի նաև մարտական մրցակցության առողջ ոգին։
Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության նախագահի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Մոիսեենկոն, ողջունելով ու հաջողություն մաղթելով մրցույթի մասնակիցներին, իր խոսքում նշել է, որ առաջնությունը խթանում է ոչ միայն մասնակիցների հմտության բարձրացումը, այլև ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զինծառայողների միջև ընկերությունը, փոխըմբռնումն ու համագործակցությունը։
Առաջնության հիմնական փուլերը տեղի են ունեցել հրաձգարանում, որտեղ մրցույթի մասնակիցները ցուցադրել մարտական հրաձգության վարժություններ:
Մրցույթի եզրափակիչ փուլում ամփոփվել են թիմերի կողմից գրանցված արդյունքները, տեղի է ունեցել հաղթող ճանաչված՝ Ռուսաստանի Դաշնության, և համապատասխանաբար 2-րդ ու 3-րդ տեղերը զբաղեցրած Ղազախստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանապահ գերատեսչությունները ներկայացնող թիմերի անդամների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
ԱՊՀ մասնակից պետությունների ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել՝ վկայելով, որ նմանատիպ միջոցառումներն խթանում են մասնակից պետությունների միջև հետագա համագործակցությունն ու համատեղ ջանքերի ամրապնդումը։