Որքան էլ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացված ստուգումներ է իրականացնում մսի շուկայում, միևնույն է՝ շատերը միսը գնում են՝ ճանաչելով մսավաճառին: Չեն էլ փորձում համոզվել՝ միսը խանութ սպանդանոցի՞ց է եկել, թե՞ կենդանուն մորթել են որևէ տան բակում:
Ալեքսան Մկրտչյան (ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի պետ) - Տեսեք՝ ամեն մսի իրացման կետ կարող է միսը ընդունի օրվա երկրորդ կեսին, առաջին կեսին, այսինքն՝ տեսուչը մտավ, կարող է տվյալ պահին չլինի, հետո լինի: Եթե սպառողը մտնելով յուրաքանչյուր իրացման կետ՝ պահանջի սպանդանոցային մորթի մսի համապատասխան ձևը, ինձ թվում ա՝ մեր գործն էլ կհեշտանա:
Սննդամթերք անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով մի ամբողջ ամիս ուժեղացված ստուգումներ են իրականացվելու նաև բոլոր մարզերում: ՍԱՏՄ տեսուչները նույն իրացման կետը անակնկալ մի քանի անգամ ստուգելու հնարավորություն կունենան: Մասնավորապես Արմավիրի մարզում մսի վաճառքի մոտ 50 կետ կա, արդեն ստուգել են 14-ը, որից 2-ում մոտ 90 կգ մսի վաճառքն արգելվել է սպանդանոցային ծագման փաստաթուղթ չունենալու պատճառով:
Հայտնաբերված խախտումների փոքր թիվը պայմանավորված է հանգամանքով, որ Արմավիրում գործում է 2 շարժական և 7 ներտնտեսային սպանդանոց՝ վստահեցնում է ՍԱՏՄ Արմավիրի պատասխանատուն: Մսավաճառները ևս սկսել են խուսափել առանց փաստաթղթի մսի վաճառքից:
Տեսուչին խաբել չեն կարող՝ վստահեցնում է Ալեքսան Մկրտչյանը, բացի փաստաթղթային ստուգումից, խանութում եղած ամբողջ խմբաքանակը կշռվում է, այնուհետև ստուգում են մսեղիքի հետագիծը: ՍԱՏՄ ղեկավարի հրամանով ոչ միայն մարզերի իրացման կետերը, այլև սպանդանոցներն են ստուգվում:
Ալեքսան Մկրտչյան - Էն որ մենք մեր փաստերը ունենում ենք, դա արդեն բոլոր սպանդանոցներում համեմատում ենք հետագծելիությամբ պարզելու՝ ինչքանով է հավաստի այս փաստաթուղթը:
Սեպտեմբերի 5-ից մեկնարկած մարզային ուժեղացված ծառայության ընթացքում հանրապետությունում ստուգվել է 95 կազմակերպություն, հայտնաբերված 26 խախտման արդյունքում կասեցվել է մոտ 1 տոննա մսի վաճառք: