Վլադիմիր Պուտինն առաջարկել է դիտարկել Ուկրաինայից Եվրոպա հացահատիկի արտահանումը սահմանափակելու հնարավորությունը, նա հավելել է, որ կքննարկի այդ հարցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։
«Ուկրաինայից արտահանվող գրեթե ողջ հացահատիկը ուղարկվում է ոչ թե աղքատ երկրներ, այլ ԵՄ տարածք։ 87 նավից միայն երկուսն են ուղարկվել զարգացող երկրներ»,- ընդգծել է ՌԴ նախագահը Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել էր, որ պարենային համաձայնագրի ժամկետն ավարտվում է նոյեմբերին, և ռուսական կողմը կարող է թույլ չտալ դրա երկարաձգումը, քանի որ, Վասիլի Նեբենզյայի խոսքով, գործարքի շրջանակում ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման հետ կապված դրույթները չեն իրականացվել:
ԱՄՆ-Ն ԴԵՌ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ԻՐԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Ռուսաստանը ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակում չներառելու մասին ամերիկյան վարչակազմի որոշումը վերջնական է՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։ Նրա խոսքով՝ դա ամենաարդյունավետ միջոցը չէ Մոսկվային պատասխանատվության ենթարկելու համար և կարող է անկանխատեսելի ազդեցություն ունենալ ուկրաինական հակամարտության և համաշխարհային զարգացումների տեսանկյունից:
Ժան-Պիեռն անդրադարձել է նաև Իրանի միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններին, հայտնել՝ Վաշինգտոնը պատրաստվում է այնպիսի սցենարի, որի դեպքում միջուկային ծրագիրը կարող է չերկարաձգվել:
«Եթե Իրանը կատարի 2015 թվականի համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները, մենք կանենք նույնը»,- ընդգծել է Սպիտակ տան խոսնակը, հավելել՝ ամերիկյան կողմը դեռ ուսումնասիրում է միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշմանն Իրանի արձագանքը:
ԶԱՊՈՐՈԺԻԵԻ ԱԷԿ-Ը ՎՆԱՍՎԵԼ Է ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Ռուսական ուժերի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ԱԷԿ-ը վնասվել է գնդակոծությունների հետևանքով՝ հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Նա նշել է, որ չի կարող ասել՝ ով է գնդակոծում ատոմակայանը, քանի որ գործակալությունը չունի մեղավորներին բացահայտելու մանդատ:
Գրոսսին հիշեցրել է, որ Զապորոժիեի ատոմակայան այցից հետո Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը զեկույց է հրապարակել, որով կոչ է արել անհապաղ դադարեցնել ԱԷԿ-ի և հարակից տարածքների գնդակոծությունը և կայանի շուրջ «անվտանգության գոտի» ստեղծել, ինչը թույլ կտա կանխել «միջուկային աղետը»։ Նա նաև խորհուրդ է տվել միջուկային օբյեկտի տարածքից դուրս բերել ողջ ռազմական տեխնիկան:
Զեկույցի հրապարակումից հետո Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևն աջակցում է ատոմակայանի տարածքում անվտանգության գոտի ստեղծելու առաջարկին, եթե դա ենթադրում է ԱԷԿ-ի ապառազմականացում։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան էլ նշել է, որ Մոսկվան լուրջ չի համարում ԱԷԿ-ի ապառազմականացման նախաձեռնությունը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը ատոմակայանում ծանր զինատեսակներ չի տեղակայել, այլ ընդամենը ապահովում է օբյեկտի անվտանգությունը։
ԽԵՐՍՈՆԻ ՇՐՋԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
Խերսոնի շրջանն ամբողջությամբ անցնում է ռուսական օրենսդրության, ավելի շատ բնակիչներ են ռուսական անձնագրեր ստանում՝ հայտնել են շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմից։
Խերսոնի շրջանը մարտին անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Վլադիմիր Պուտինը մայիսի 25-ին հրամանագիր է ստորագրել Զապորոժիեի և Խերսոնի բնակիչների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգ սահմանելու մասին։