Նոր գրանցվող բիզնեսները, իրավական հակասությունների հետևանքով առաջացող խնդիրներով պայմանավորված, հաճախ ունենում են հարկման՝ իրենց համար նախընտրելի համակարգն ընտրելու հետ կապված դժվարություններ: Առաջարկվում է խնդիրը կարգավորել պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվող հարկ վճարողի հարկման համակարգի մասին նշման իրավասություն վերապահող նորմի վերացման միջոցով:
««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի նիստում:
Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ նախագծի ընդունմամբ` բիզնես գրանցելիս կվերանա հարկման համակարգ ընտրելու հետ կապված տեխնիկական անհստակությունը, ինչպես նաև կխնայվի ՊԵԿ-ի և դատարանների կողմից խնդրի առարկա գործերի վրա ծախսվող ժամանակը:
Միաժամանակ առաջարկվում է Պետական ռեգիստրի գործակալությունում ԱՁ կամ իրավաբանական անձ գրանցողներին տեղեկացնել փոխկապակցվածության հետ կապված հարկման համակարգերի ընտրության սահմանափակումների վերաբերյալ` հետագա խնդիրները կանխարգելելու նպատակով:
Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: