Սեպտեմբերի 6-ին Նյու Յորքում կայացած, Խաղաղության մշակույթին նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան ֆորումին (High Level Forum on the Culture of Peace) ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
Նա, մասնավորապես, նշել է, որ, չնայած անհանդուրժողականության և այլատյացության դեմ պայքարի ոլորտում միջազգային հանրության ջանքերին, դրանց տարբեր դրսևորումները շարունակում են անարգել գոյություն ունենալ աշխարհի տարբեր վայրերում։ Ընդգծվել է, որ Հայաստանը բազմիցս է ահազանգել Ադրբեջանի քաղաքական խոսույթում գերիշխող ատելության խոսքի և ռասիզմի վերաբերյալ, ինչը նաև արձանագրվել է միջազգային կառույցների կողմից։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքներին` դեսպան Մարգարյանը ֆորումի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը մերժելու և հակամարտության գոտի ՄԱԿ-ի կառույցների, ներառյալ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը խոչընդոտելու վրա։
Ադրբեջանի կողմից սադրիչ և ռազմատենչ գործողությունների ու հռետորաբանության վերաբերյալ Մhեր Մարգարյանը նշել է, որ դա նաև ի ցույց է դնում, որ ոմանց համար սպառնալիքի, հրահրման և ագրեսիայի մշակույթը շարունակում է գերիշխել խաղաղության մշակույթին։
ՀՀ մշտական ներկայացուցիչը ընդգծել է իր պատմական հայրենիքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության, մարդու հիմնարար իրավունքների և արժանապատիվ կյանքի երաշխավորման միջոցով հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային կայուն խաղաղության համար։