ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հանձնաժողովի նիստում անդրադարձավ տարեկան տնտեսական ցուցանիշներին:
«Տարվա ցուցանիշները վատը չեն, տնտեսական ակտիվության ցուցանիշը մոտավորապես 13 տոկոս է հունվար-հուլիսի համար: ՀՆԱ-ի աճը երկրորդ եռամսյակում 13 տոկոս է կազմել: Այս հարցում մեծ դեր ունի առևտրի և ծառայությունների ոլորտը, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկող մարդկանց և կապիտալի ազդեցությամբ: Բոլորի համար պարզ է, որ այդ էֆեկտը ժամանակավոր է, այսինքն՝ մենք մշտապես այդ նույն չափով դրական ազդեցությունը մեր տնտեսության վրա չենք զգալու»,- ասաց նա:
Թունյանի խոսքով՝ պետք է օգտվել ստեղծված հնարավորությունից:
«Մեր խնդիրն է այնպես անել, որ այդ կարճաժամկետ օգուտից հնարավորինս շատ մասհանում անենք դեպի ավելի ենթակառուցվածքային ներդրումներ, որպեսզի երկարաժամկետ ու բարձր տնտեսական աճի համար հիմքեր ստեղծենք»,- ասաց պատգամավորը: