Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է STARMUS գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում համաշխարհային առաջատար, IBM ընկերության փոխնախագահ, GIT դափնեկիր, դոկտոր Լեոն Ստոկին:
Հանդիպմանը մասնակցել է նաև «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Կողմերը քննարկել են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նոր տեխնոլոգիաների կիրառման, կառավարման ավտոմատացված համակարգերի ներդրման, «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակման հետ կապված հարցեր:
Քաղաքապետ Սարգսյանն ընդգծել է, որ համայնքի նպատակն է արդի տեխնոլոգիական լուծումների միջոցով աջակցել քաղաքի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն ու քաղաքապետարան-բնակիչ երկխոսության արդյունավետության բարձրացմանը: