Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B+ մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ։ Հայաստանի վարկանիշն արտացոլում է մեկ շնչի հաշվով եկամտի, կառավարման և գործարար միջավայրի ցուցանիշները, ինչպես նաև ամուր մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը և բարեփոխումների նկատմամբ վստահելի հանձնառությունը՝ Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ:
Էդուարդ Հակոբյան (ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ) - Մի բան պետք է ֆիքսել, որ էդ դրական մեսիջները արդեն «Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը տվել է՝ մասնավորապես հաշվի առնելով պրոֆեսիոնալ մասնագետների ներհոսքը, տուրիստների ներհոսքը, դրամական փոխանցումների մեծ ներհոսքը, դեպի Ռուսաստան արտահանման մեծ աճը, տնտեսական աճի կանխատեսումները դեպի վերև է հանել «Ֆիթչը», բացի այդ, ակնկալում է, որ պետական բյուջեն ավելի լավ ցուցանիշներ կունենա այս տարի:
Որպես ռիսկ գործակալությունը նշում է արտարժույթով արտահայտված պետական պարտքի մեծ տեսակարար կշիռը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսները և աշխարհաքաղաքական իրավիճակը:
Կարեն Զաքարյան (Ֆինանսիստ) - Նախորդ վերանայման ժամանակ ավելի շատ շեշտադրում էր եղել ռիսկերի հետ կապված, էս անգամ կարծես թե էդ ռիսկերի մի մասը դրականորեն է անդրադարձել մեզ վրա, այնուամենայնիվ, դրա երկարաժամկետ էֆեկտները դեռևս պարզ չեն: Օրինակ՝ կարծում եմ, որ ավելի հստակ կլինի դրա արդյունքը, երբ սեպտեմբերի տվյալները հրապարակվեն:
«Ֆիթչը» հաշվի է առել նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին օտարերկրացիների տեղափոխվելը Հայաստան, ինչպես նաև մեր երկիր գումարների հոսքը: Գործակալության կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանում տնտեսական աճը կկազմի 6.4 տոկոս, չնայած վիճակագրական կոմիտեի վերջին տվյալով տնտեսական ակտիվության ցուցանիշը երկնիշ է:
Էդուարդ Հակոբյան - Գրեթե բոլոր վարկանիշային կազմակերպությունները նույնիսկ լավագույն ռեյտինգ ունեցող երկրներին աստիճանաբար դեպի ներքև վերանայումներ են նախատեսում կամ արդեն իսկ իրականացրել են: Էս տեսանկյունից նույնպես էդ պահպանումը և, մասնավորապես, կայուն հեռանկարի պահպանումը նշանակում է, որ Հայաստանում տնտեսության գործերը էսպես ասած լավ են:
Այս գնահատականները հատկապես օտարերկրյա ներդրողներին մի շարք ազդակներ են տալիս՝ նշում է ֆինանսիստ Կարեն Զաքարյանը:
Կարեն Զաքարյան - Առնվազն որ էս ճգնաժամային իրավիճակում աշխարհում, որ տիրում ա, Հայաստանի գործերը վատ չեն և հեչ վատ չեն, էդ առումով շատ դրական ա, այսինքն՝ իմպուլսը միանշանակ դրական ա ընդունվելու, և էն մարդիկ, ովքեր կբացեն և կկարդան ավելի մանրամասն էնտեղ, կարծում եմ՝ ավելի շատ դրական բան կգտնեն իրենց համար:
Առաջիկայում սպասվում է նաև մյուս խոշոր վարկանիշավորող գործակալությունների՝ «Մուդիսի» և «Ստանդարտ ընդ փուրսի» թարմացված գնահատականները մեր երկրի համար, մասնագետները վստահ են՝ դրանք առնվազն կպահպանվեն և գուցե ավելի բարելավվեն:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան