Հայաստանում գրանցված 112 կուսակցություններն այս տարվանից տարեկան հաշվետվություններն ու հայտարարագրերը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Մինչև «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունը, ֆինանսական գործունեության վերահսկողությունը վերապահված էր ԿԸՀ-ին:
Կարեն Հակոբյան (ԿԿՀ հայտարարագրերի վերլուծության վարչության պետ) - Ներկա պահին կուսակցությունների ղեկավար մարմնի անդամների հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը ընթացքում է: Հանձնաժողովը 70-ից ստացել է ռեեստրներ իրենց հայտարարատու պաշտոնատար անձանց վերաբերյալ, որոնց հայտարարատուների թիվը 540 է կազմում:
Ներդրվել է կուսակցությունների պաշտոնատար անձանց հայտարարագրման էլեկտրոնային նոր համակարգ: Հանձնաժողովը կուսակցությունների ղեկավար մարմնի անդամներին առաջարկում է կատարել օրենքի պահանջը և ներկայացնել հայտարարագրերը: Հաշվի առնելով ժամկետը երկարաձգելու կուսակցությունների դիմումներն ու էլեկտրոնային համակարգի որոշ տեխնիկական խնդիրները՝ կուսակցությունների պաշտոնատար անձանց հայտարարագրերը մինչև սեպտեմբերի 8-ը ներկայացնելու դեպքում իրավական գործողություններ չեն սկսվի. Հակոբյանը հիշեցնում է՝ նպատակը պատժելը չէ: Միաժամանակ հորդորում են կուսակցություններին պատրաստել 2021-ի տարեկան հաշվետվությունները:
Կարեն Հակոբյան - Հորդորել կուսակցություններին մինչև սեպտեմբերի 15-ը հանձնաժողովի կողմից սահմանված ձևաչափով, որը հրապարակվել է arlis.am կայքում, լրացնել, հրապարակել azdarar.am հրապարակային ծանուցումների միասնական կայքում և եռօրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողով:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանի խոսքով՝ սահմանված ժամկետում կներկայացնեն իրենց քաղաքական ուժի ֆինանսական գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը: «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ Խաչատրյանն ունի որոշ վերապահումներ ու նաև առաջարկներ:
Անի Խաչատրյան («Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ) - Հաշվետվությունները բավականին ծավալուն են, բավականին պահանջները շատ մեծ են: Կան բաներ, որ, անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ կուսակցության քաղաքական խորհրդի անդամը պետք է ներկայացնի իր եկամուտների աղբյուրները. դա վերահսկելու պետությունն այլ մեթոդներ ունի: Որը չի գերազանցում 5 միլիոնի շեմը, ամենը այդքան մանրակրկիտ ներկայացնել, դժվարացնել աշխատանքը՝ ճիշտ չէ:
Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի խոսքով՝ իրենց քաղաքական ուժը սահմանված ժամկետում միշտ ներկայացրել է ֆինանսական մուտքերի, ելքերի մասին տարեկան հաշվետվությունը: Աշխատասենյակի կարմիր ինտերիերում համակարգիչ չկա. Երջանիկ Ղազարյանը մեր դիտարկմանն արձագանքեց՝ աշխատակազմում կա:
Երջանիկ Ղազարյան (ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար) - Այս պահի դրությամբ ներկայացրել ենք մեզնից ինչ պահանջվում է, ընդհուպ մինչև էլեկտրոնային հասցեները ղեկավար կազմի՝ առաջին քարտուղարի, վեց քարտուղարների, սպասենք հետագա զարգացումներին, ինչ կպահանջվի՝ կներկայացնենք: Կուսակցության գումարները առաջանում են անդամավճարներից, հանգանակություններից, նվիրատվություններից: Բիզնես չունի:
Նախկինում 10, հիմա կուսակցության մուտքի, ելքի գումարը 25 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հաշվետվությունները կենթարկվեն պարտադիր աուդիտի: