Հաջորդ շաբաթ սկսվող լիագումարին ընդառաջ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հագեցած օրակարգով նիստ գումարեց: Թերլիցքավորումների դեմ պայքարում նոր գործիքներ են առաջարկում ներդնել Ծովինար Վարդանյանն ու Բաբկեն Թունյանը: Խոսքը հանրային վերահսկողության մասին է: Ըստ նախագծի՝ խախտում թույլ տված տնտեսվարողի գազա կամ բենզալցակայանի բաշխիչ աշտարակների վրա, վարորդի համար տեսանելի վայրում մեկ ամիս ժամկետով տեղադրվելու է ցուցանակ՝ «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրառմամբ:
Ծովինար Վարդանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Սա, կարելի է ասել՝ իրազեկում է քաղաքացիներին ու կանխարգելում է, որ լցակայաններն այսուհետև շատ ավելի աչալուրջ լինեն, որ որևէ թերլցում չիրականանա:
Բացի դրանից, բոլոր լցակայաններում լինելու են QR կոդեր, որոնց միջոցով քաղաքացին կիրազեկվի՝ քանի ստուգում է կատարվել, երբ ու արդյոք հայտնաբերվե՞լ են խախտումներ: Խստացվելու է նաև պատասխանատվության չափը: 200 հազար դրամ գումարած լցակայանի նախորդ եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսը: Հանձնաժողովի փոխնախագահը նկատեց՝ այսկերպ տուգանքը համաչափ կլինի, փոքրից՝ քիչ, մեծից էլ՝ շատ կգանձվի, որպես օրինակ շուկայում խաղացողների պատկերը ներկայացրեց:
Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Մոտ 680 բենզալցակայան կա, դրանց ամենախոշոր 10 տոկոսը՝ 68 բենզալցակայանը, ապահովում են բենզինի շրջանառության 80 տոկոսը, ու որ էդ շուկայի 80 տոկոսին տիրապետող լցակայանների դեպքում շրջանառության տոկոս կիրառենք, ապա իրենց շրջանառությունն այնպիսին է, որ դա հասնելու է ոչ թե 500-600 հազար դրամի, այլ մի քանի միլիոն դրամի:
Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն էլ առաջարկեց փոփոխել օրենքը, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը թաքնված աշխատուժի և ոչ պատշաճ կնքված պայմանագրերի ստուգումների դեպքում ստիպված չլինի տնտեսվարողին նախապես ծանուցում ուղարկել: Նախագծի համահեղինակի խոսքով՝ երբ ստուգման օրվանից երեք օր առաջ բիզնեսը ստանում է տեսչականի այցի մասին տեղեկությունը, թերի պայմանագրերի ու չգրանցված աշխատողներին բացահայտելու հավանականությունը նվազում է:
Հերիքնազ Տիգրանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Խնդիրն այստեղ ոչ թե հայտնաբերել ու տնտեսվարողին պատժելն է, այլ իրական պատկերն ունենալ, թե արդյոք մենք ունե՞նք զբաղվածության մեջ այդ թաքնված զբաղվածները: Սա է նախագծի հիմնական միտքն ու տրամաբանությունը:
ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՆՎԱԶԵՑՆԵԼ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՑԵՄԵՆՏԻ ՊԵՏՏՈՒՐՔԸ
Պատգամավորական մյուս նախաձեռնությամբ էլ Թունյանն ու Աղազարյանն առաջարկեցին նվազեցնել Հայաստան ներմուծվող իրանական ցեմենտի համար սահմանված պետտուրքը՝ 1 տոննայի համար գործող 14 հազարի փոխարեն 9000 դրամ դարձնել: Հանձնաժողովի տնտեսագետ փոխնախագահի խոսքով՝ 3 տարի առաջ ներդրված գործիքը նպատակ ուներ պաշտպանել տեղական արտադրողին, բայց այժմ շուկան փոխվել է, Իրանում ցեմենտի գինն աճել է, ու, տրանսպորտային ծախսերը հաշվի առնելով, այն այլևս մրցունակ չէ հայկականի հետ:
Բաբկեն Թունյան - Վերջին շրջանում հատկապես կառուցապատողները բողոքում են, որ նկատվում ա դեֆիցիտ շուկայում, պաշտոնապես էլ դիմել են մեզ, քանի որ ներմուծվող ցեմենտը բարձր տուրքի պատճառով չի կարողանում հասնի մայրաքաղաք ու հարակից շրջաններ, միայն Սյունիքի մարզում է որոշ չափով սպառվում:
Որ շինարարության ոլորտը ցեմենտի հարցում խնդիրներ չունենա, բացի պետտուրքի նվազեցումից, կհանվի ներմուծվող կլինկերի 1 տոննայի համար սահմանված 2000 դրամ պետտուրքը: Սա կհավասարակշռի շուկան՝ վստահ է Թունյանը, ասում է՝ անցած տարի Հայաստանում աննախադեպ ծավալի ցեմենտ է արտադրվել է՝ 853 հազար տոննա: Նախագիծը նաև Կառավարության հավանությանն արժանացավ: Զեկուցող նախարար Քերոբյանը խոսեց տնտեսական ակտիվությունից, որն առաջին 7 ամսում 13.1 տոկոսով աճել է: Ըստ նրա՝ սա պայմանավորված է կառուցապատման և մշակող արդյունաբերության աճով:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Արտահանման կառուցվածքում էապես նվազել է հանքահումքային արտադրանքի մասնաբաժինը՝ իջնելով մինչև 30 տոկոսի: Դա նաև թույլ է տալիս հուսալ, որ մենք շուտով կդադարենք զուտ հանքահումքային արտադրանք արտահանող երկրի իմիջ ունենալ:
Գլխադասային հանձնաժողովը հավանություն տվեց նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի վավերացման նախագծին: Տարածքային կառավարման փոխնախարար Արմեն Սիմոնյանի խոսքով՝ փաստաթղթով հայաստանյան ու եվրոպական ավիափոխադրողների միջև կստեղծվեն մրցակցային ազատ պայմաններ, կբացառվի խտրականությունը: Պատասխանատու գերատեսչությունում վստահ են՝ համաձայնագիրը կխթանի առևտուրը, զբոսաշրջությունն ու նոր ներդրումները: