ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր՝ հաստատելու և զարգացնելու գիտակրթական փոխգործակցություն՝ նպաստելով էներգետիկ ոլորտի բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպման ժամանակ նշեց, որ երկու կառույցների փոխգործակցությունն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով երկրի տնտեսական և սոցիալական զարգացման գործում ատոմային էներգետիկայի դերը։
ՀԱէԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, խոսելով ընկերության գործունեության, ընթացիկ աշխատանքների ու զարգացման հեռանկարների մասին, փաստեց, որ ԵՊՀ-ն կադրերի պատրաստման կարևոր դարբնոցն է, և այդ տեսանկյունից համագործակցությունն իրապես կարող է արդյունավետ լինել ու նպաստել երկրի համար կարևոր ոլորտի զարգացմանը։
Այսօր ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ կողմերը համագործակցելու են բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրերով ՀԱԷԿ-ի պահանջներին բավարարող բարձրորակ կադրերի պատրաստման, ՀԱԷԿ-ի աշխատակիցների որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացների իրականացման, գիտական համատեղ միջոցառումների ու հետազոտությունների անցկացման ուղղությամբ։
Բացի դրանից, ստեղծվելու են բոլոր պայմանները ուսանողների ուսումնական, արտադրական, նախաավարտական և հետազոտական պրակտիկաները ՀԱԷԿ-ում արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար, նորացվելու և համալրվելու են համապատասխան մասնագիտական լաբորատորիաները և այլն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարբեր գաղափարներ ու ծրագրեր, որոնք կարող են իրագործվել փոխգործակցության շրջանակում և նպաստել համատեղ նպատակներին հասնելուն։