ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
««Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Կառավարության իրավասությունները, այդ թվում՝ որոշ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությունը, այն է՝ «հաստատում է անվտանգության նորմերը և կանոնները»:
Մինչդեռ բնագավառի իրավական կարգավորման հարաբերությունները բազմաթիվ են՝ միջուկային անվտանգություն, ճառագայթային անվտանգություն և պաշտպանություն, ռադիոակտիվ թափոնների կառավարում, միջուկային և ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանություն, վթարային պատրաստվածություն ու հակազդում, ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացում և այլ հարաբերություններ, որոնք կարգավորվում են ոչ միայն անվտանգության նորմերով և կանոններով, այլ նաև պահանջներով, կարգերով, պայմաններով, մեթոդներով, որոնց ընդունման համար Կառավարությունը համապատասխան լիազորություն չունի»,- ասաց Խաչիկյանը:
Օրենքի նախագծով ամրագրվել է Կառավարության կողմից նորմատիվ որոշումներ ընդունելու լիազորությունը, սահմանելով նաև իրավական որոշակիության սկզբունքը, լիազորող նորմը ձևակերպվել է հստակ, միանգամայն պարզ դարձնելով ակտն ընդունող մարմնի իրավասության շրջանակը:
Նախագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: