Լոռու մարզի գրեթե բոլոր համայնքներում մեծ թափով ընթանում են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները։ Տաշիր համայնքի բնակիչ Պավելն իր 38 հա հողատարածքում արդեն երկար տարիներ ցորեն, գարի, ոլոռ է մշակում։ Այս տարի օգտվել է պարարտանյութի պետական սուբսիդավորման ծրագրից:
Պավել Գուսև (hողագործ) - Աջ կողմում Ալեքսեևիչ տեսակի ցորեն է, մի քանի օր առաջ 1 հեկտարից 3 տոննա բերք հավաքեցինք։ Այսօր էլ աճարով խառնված Վասա տեսակի ցորենն ենք հավաքել՝ որպես կեր անասունների համար։ Այնտեղ էլ վարսակ է, որը նույնպես հավաքել ենք։
Պետրովկայի բնակիչ Սեյրանն արդեն 10 տարի կոմբայնավար է աշխատում։ Վերջերս տեղեկացել է աշնանացան ցորենի արտադրության խթանմանն ուղղված պետական աջակցության ծրագրի մասին։
Սեյրան Բաղդադյան (կոմբայնավար, հողագործ) - Ունեմ վարելահողեր, հողեր ունեմ, մշակում եմ։ Մտածում եմ՝ օգտվեմ ցանքսի, աշնանացանի պետական ծրագրերից։
Մարզում հացահատիկի բերքի 90 տոկոսն արդեն հավաքվել է: 1 հա-ի միջին բերքատվությունը կազմել է 3-3,5 տոննա։ Արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացուցիչ են։
Արուս Թումանյան (Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ) - Համեմատած նախորդ տարվա հետ՝ բերքատվության միջին ցուցանիշը փոքր-ինչ ցածր է։ Դա պայմանավորված է եղել եղանակային պայմաններով, մայիս-հունիս ամիսներին տեղացած կարկուտի արդյունք կարելի է համարել։
Մարզում այս տարի մշակվել է շուրջ 8600 հա ցորենի ցանքատարածություն։ Նախորդ տարվա համեմատ մշակվող հողատարածքներն ավելացել են 500 հեկտարով, ինչին նպաստել են գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը։
Արուս Թումանյան - Կոնկրետ այս տարի պարարտանյութերի աջակցության ծրագիրն է նպաստել։ Ներկայումս էլ արդեն իսկ սկսված ցորենի աջակցության ծրագիրը ևս կարող է խթան հանդիսանալ ցանքատարածությունների մեծացման, հետագայում էլ, կանխատեսում ենք՝ բերքատվության բարձրացման համար։
Ըստ ծրագրի՝ հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում 1 հա-ի համար տնտեսվարողին կտրամադրվի 120000 դրամ, չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70000 դրամ։
Ծրագրի շահառու կարող է դառնալ մինչև 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություն մշակող տնտեսվարողը։
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան