Լարված մթնոլորտ, ուժեղացված հսկողություն. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի հինգին՝ մինչև ուշ երեկո, կայացավ 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական դիրքն ինքնակամ լքելու համար մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը: Ցուցմունք տվեց նրա ենթական՝ վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը:
Վահանյանը, ըստ մեղադրանքի, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութ բնակավայրի Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով նաև վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը, ինչի հետևանքով զինծառայողների մի մասը զոհվել է, մի մասը գերեվարվել, մյուսների գտնվելու վայրը անհայտ է:
Վկա Գրիգորյանը Խուռհատ սարի վրա անձնակազմի հետ եղել է հոկտեմբերի 9-ին, մյուս օրն առավոտյան լսել են, թե հրադադար է լինելու, բայց փոխարենը սարը հրետակոծվել է:
Հայկազ Գրիգորյան (վկա) - Վիրավորներին օգնություն էինք ցույց տալիս, այդ ժամանակ ասել է` վիրավոր եմ, նստել է վիրավորների մեքենան, գնացել, էդքան բան:
Վկայի խոսքով՝ գումարտակի հրամանատար Վահանյանի՝ մարտադաշտը լքելուց հետո մնացել են չորս սպա, 200 զինծառայող: Ընկել են շրջափակման մեջ և այդ ժամանակ միայն իմացել, որ հակառակորդը գրավել է Հադրութը:
Հայկազ Գրիգորյան - Մոտավոր 4-5 ժամ չենք կարողացել դուրս գալ, որովհետև ճանապարհ չկար, որտեղ բարձրանում էինք, կրակում էին մեր ուղղությամբ: Դրանից հետո զանգեր ենք արել, որովհետև ռադիոկապ չենք ունեցել, կապ չենք ունեցել վերադասի հետ: Եղել ենք ես և Վարդանյան Վազգենը՝ ականանետային դասակի հրամանատարը, և վաշտի ավագը: Որտեղ որ բարձրացել ենք, կրակել են, չեն թողել` դուրս գանք:
Ի վերջո, 60-65 զինծառայողների հետ կարողացել են դուրս գալ շրջափակումից։ Նահանջի ժամանակ այլ ճանապարհով գնացածները զոհվել կամ գերեվարվել են: Դատավորի հարցին՝ ինչո՞ւ են սպաները թույլատրել զինվորներին այլ ճանապարհով գնալ, վկան պատասխանեց՝ զորքը բացազատված է եղել, նաև կապի բացակայությունն է եղել պատճառը:
Ջոն Հայրապետյան (դատավոր) - Եթե ռադիոկապը Ձեր ձեռքում լիներ, ու Դուք իմանայիք, որ պետք է շարժվել այսինչ ուղղությամբ նահանջի դեպքում, կթողնեի՞ք, որ զորքի մյուս մասը այլ ճանապարհով գնար:
Հայկազ Գրիգորյան - Եթե նկատեի, որ ուրիշ ճանապարհով են գնում, թույլ չէի տա:
Հայկազ Գրիգորյանը նշեց՝ երբ Իշխան Վահանյանը լքել է մարտադաշտը, պարտականությունները չի փոխանցել իրեն, ինչպես կարգն է նախատեսում:
Ըստ վկայի՝ գումարտակը եղել է ուսումնական, որտեղ ծառայություն են իրականացրել նորակոչիկները, որոնք մարտական պատրաստվածություն չեն անցել՝ կորոնավիրուսի պատճառով: Իսկ թե ով է հրաման տվել նորակոչիկներին մարտադաշտ տանել՝ վկան պատասխանեց՝ Վահանյանը, նրան էլ՝ գնդի հրամանատարը: Նա նաև նշեց, որ անձամբ չի տեսել Վահանյանի վիրավորումը, դրա մասին միայն լսել է, այն էլ` ոչ թե հոկտեմբերի 10-ին, այլ՝ ավելի վաղ: Վահանյանն էլ արձագանքեց, թե երկու անգամ է վիրավորվել:
Իշխան Վահանյան (ամբաստանյալ) - Ռադիոկապի մեջ զարյադկա չի եղել, գնդի հրամանատարի հետ խոսել եմ, որ ի վիճակի չեմ, ասել է` հանձնի Գրիգորյան Հայկազին ու հանձնել եմ իրեն, անձամբ ինքն է ինձ նստացրել մեքենան;
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն էլ հայտարարեց՝ դիմելու է գլխավոր դատախազին` նաև տեղում մնացած սպաների գործողություններին իրավական գնահատական տալու միջնորդությամբ: Այնուհետև դատարանում հարցաքննվեց գումարտակի հրամանատարի տեղակալ Գարիկ Վարդերեսյանը: Նրա ցուցմունքը վերաբերում էր սեպտեմբերի 29-ին Ջաբրայիլի ուղղությամբ տեղի ունեցած մարտական գործողություններին: Ըստ նրա՝ Վահանյանը բեկորային վիրավորում ստացել է հենց այդ գործողության ժամանակ:
Գարիկ Վարդերեսյան (վկա) - Գումարտակի հրամանատարի ոտքերի տակ ընկավ սնարյադը, Վահանյան էլ վիրավորվեց, բեկորային վիրավորում է ստացել, տեղում ֆելդշերը բուժօգնություն է ցույց տվել, նորից եկել, մասնակցել է գործողություններին:
Արկի պայթյունից գումարտակի հրամանատարը ճանապարհին մահացել է, նրա պարտականությունները մինչև հոկտեմբերի 6-ը Վարդերեսյանն է կատարել:
Դատարանին պատմեց` մի քանի օր անց հակառակորդը հրետակոծել է Նյուզգյար կոչվող տեղամասը, ինչի հետևանքով բազմաթիվ վիրավորներ ու զոհեր են եղել: Ռադիոկապի միջոցով մեքենա է պահանջել, ապա Վահանյանին հրամայել գնալ և վիրավորներին դուրս բերել:
Գարիկ Վարդերեսյան - Հետո ինձ տեղեկացնում են, որ Վահանյանը իջել է ներքև` վիրակապը հանելու համար: Դրանից հետո երեք օր հետ նոր նորից գալիս, միանում է գումարտակին:
Մեղադրողը հետաքրքրվեց՝ վիրավորներին դուրս բերելու հրամանը Վահանյանը ի վերջո կատարե՞լ է, թե՝ ոչ:
Գարիկ Վարդերեսյան - Գնացել է, մի քանի հոգի վերցրել, դուրս եկել, բայց էնտեղ լուրջ վիրավորներ են եղել, որ հաջորդ օրը ես 15-ից 20 հոգի գումարտակի հրամանատարի տեղակալի հետ ուղարկել եմ:
Այս վկայությունից հետո դատարանում իրավիճակը լարվեց: Եղբորը կորցրած, եղբորորդուն էլ մինչև օրս փնտրող Սարգիս Ղազարյանը հայտարարեց՝ եղբայրը հենց այդ տեղամասում է զոհվել:
Իրավիճակը հանդարտեցնելու համար դատավորը ընդմիջում հայտարարեց, ապա որոշ ժամանակ անց վերսկսեց գործի քննությունը: Հաջորդ նիստին դատարանը կլսի մյուս վկաներին:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան