Եվրամիությունը մտադիր է ռուսական գազի գնի վերին սահմանաչափ սահմանել: Այդ հարցը սեպտեմբերի 9-ին կքննարկեն Միության էներգետիկայի նախարարները։
ԵՄ նախաձեռնությունն Արևելյան տնտեսական համաժողովի ընթացքում մեկնաբանել է Վլադիմիր Պուտինը:
«Եթե Եվրոպան ռուսական գազի կարիք չունենա, այն կուղարկենք այլ երկրներ։ Այդ որոշումը «ոչ շուկայական հիմարություն» է և կհանգեցնի էներգակիրների գների բարձրացման նոր ալիքի»,- համոզմունք է հայտնել ՌԴ նախագահը, զգուշացրել՝ Արևմուտքն այն վիճակում չէ, որ սեփական պայմանները թելադրի Մոսկվային։
Պուտինն անդրադարձել է նաև Ռուսաստան-Ուկրաինա հետագա հարաբերություններին:
«Ուկրաինայում շատերը ատում են Կիևի ռեժիմը, պետք է հիմնվենք հենց այդ ուկրաինացիների հետ շփումների վրա»,- ընդգծել է Կրեմլի ղեկավարը։
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ Է ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՇԵՆԳԵՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ
Շենգենյան վիզա ունեցող ռուսաստանցիները չեն կարողանա հատել սահմանամերձ երկրների ցամաքային սահմանը՝ հայտարարել է Լատվիայի արտգործնախարարը Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։
«Լատվիան, Լիտվան և Էստոնիան սկզբունքային համաձայնության են եկել՝ սահմանափակելու Ռուսաստանի քաղաքացիների մուտքը այդ երկրներ Ռուսաստանի և Բելառուսի սահմաններով. դրա մասին պաշտոնապես կհայտարարենք առաջիկա օրերին»,- նշել է Էդգարս Ռինկևիչսը։
Նրա խոսքով՝ բացառություններ կարվեն միայն բեռնատարների վարորդների, դիվանագետների և ընտանեկան ու հումանիտար նկատառումներով սահմանը հատողների համար։
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն էլ հայտարարել է, որ Հելսինկին դեռևս չի սահմանափակի գործող շենգենյան վիզաներ ունեցող ռուսաստանցի զբոսաշրջիկների մուտքը երկիր, քանի դեռ Եվրահանձնաժողովից համապատասխան պարզաբանումներ չի ստացել իրավական մի շարք հարցերի վերաբերյալ։
Նախօրեին Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի ամբողջական դադարեցման առաջարկին: Վլադիմիր Պուտինը, իր հերթին, տեղեկացրել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է վերանայել օտարերկրյա զբոսաշրջիկների համար մուտքի արտոնագրերի տրամադրման կարգը և հայելային սահմանափակումներ չմտցնել այն երկրների դեմ, որոնք չեն ցանկանում վիզաներ տրամադրել ռուսաստանցիներին:
ՓԱՐԻԶԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻՆ
Փարիզը պատրաստ է աջակցելու Հունաստանին և Կիպրոսին, եթե Թուրքիան ագրեսիվ գործողություններ իրականացնի՝ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման շրջանակում։
Քեթրին Կոլոննայի խոսքով՝ Ֆրանսիան աշխատում է Հունաստանի և Թուրքիայի միջև հնարավոր էսկալացիայից խուսափելու ուղղությամբ։ Արտգործնախարարը նշել է, որ ավելի վաղ իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը կոչ է արել Անկարային զերծ մնալ սադրիչ գործողություններից և հայտարարություններից:
Դենդիասն էլ մտահոգություն է հայտնել, որ գրեթե ամեն օր թուրք պաշտոնյաները սադրիչ հայտարարություններ են անում Հունաստանի և հույն ժողովրդի դեմ, սպառնում հարձակվել, ներկայացնում քարտեզներ, որոնք հունական կղզիները ներկայացնում են որպես Թուրքիայի մաս:
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼԻ ՉԷ
Հունաստան-Թուրքիա հարաբերություններին և Անկարայի ագրեսիվ հռետորաբանությանն է անդրադարձել նաև ԱՄՆ պետքարտուղարությունը: Հունաստանի ինքնիշխանությունն իր կղզիների նկատմամբ չի կարող վիճարկվել, իսկ «օկուպացված կղզիներ» արտահայտության կիրառումը կարող է մեծացնել լարվածությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև՝ նշել են կառույցում, կոչ արել հարգել բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։